ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։

 

Հեռավար կրթությունն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը` ՀՈՒԿ-ը: Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը, դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի առարկայական մասնագետները: Հեռավար կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով եւ չափորոշիչով սահմանվածից։

Հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել հետեւյալ դեպքերում.

եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ մինչեւ սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:

Եթե հայտարարվել է արտակարգ եւ ֆորս մաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն):

Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար, եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում:

Այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատեւ բուժման կարիք: Այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են եւ հաճախ են բացակայում երկրից:

Այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով: Սփյուռքում բնակվող, ինչպես նաեւ Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

Վարձատրություն

Ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով՝ բացառությամբ արտակարգ եւ ֆորս մաժորային իրավիճակներում կազմակերպվող դասերից։

Կազմակերպման կարգը

Հեռավար ուսուցումը կազմակերպվում է ըստ դասարանների` հանրակրթական ծրագրերին համապատասխան, այն ուսումնական հաստատությունում, որտեղ հաշվառված է սովորողը։ Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները, կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն ՀՈՒԿ-ի աջակցությամբ կազմակերպվում է մեկ այլ հաստատության ուսուցչի կողմից

Հեռավար կրթությունը կազմակերպվում է ուսումնական պլանին եւ առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց պահանջները կատարած սովորողները գնահատվում են` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցին համապատասխան, իսկ ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է: Յուրաքանչյուր աշակերտի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը բացում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով:

Հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակների 70%-ը աշակերտների ոչ պակաս քան 90%-ը յուրացնում են ՏՀՏ միջոցով: Հեռավար կրթության գործընթացից դուրս մնացած աշակերտների համար դասերի յուրացումը կատարվում է անհատական պարապմունքների միջոցով՝ ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի սահմանած եղանակով:

Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաեւ փոխադրումը, տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հեռավար ուսուցման ուսումնամեթոդական նյութերը տեղադրվում են հեռավար ուսուցման համալիր էջում` heravar.armedu.am, որն հասանելի է բոլոր ուսումնական հաստատությունների համար: Ուսումնական հաստատությունը սեփական նախաձեռնությամբ կարող է մշակել նոր ուսումնամեթոդական նյութեր՝ առարկայի ծրագրին, ուսումնական պլանին եւ պետական չափորոշչին համապատասխան:

 

 

ՉՎԵՐԹՆԵՐ

Հուլիսի 2-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երեւան՝ 02:45, Երեւանից մեկնում՝ ժամը 03:35): Նույն օրը՝ հուլիսի 2-ին, «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը (ժամանում՝ 21:40): 

 

 

5-6-ՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Այսօր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-8 մ/վ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։

 




Լրահոս