ՀՔԾ-Ն ՄԵՐԺԵԼ Է, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է  նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։  «Ժողովուրդ» օրաթերթը իր հունիսի 30-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, եւ կուսակցության նախագահն արդեն ստացել է այդ մասին պաշտոնական տեղեկությունը: Իսկ ի՞նչ է ասված փաստաթղթում. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:

Իհարկե, սպասելի սցենար էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում նման գործի քննությունը, բնականաբար, կարող է վնասել վարակի դեմ պայքարի գործընթացին, առավել եւս, որ կուսակցության նախագահի դիմումը ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ էր, այլեւ ՀՀ վարչապետի: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:

Նկատենք, որ դրան զուգահեռ ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից,  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի միայն Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա  առաջին  հերթական նիստում:  Եվ հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն դժգոհում են, որ այս համավարակի օրերին ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Սա նշանակում է, որ այս հանձնաժողովն էլ անդամների սահմանված թիվը չապահովելու հիմքով կմնա չկայացած:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել եւ քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, եւ թերեւս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՔԾ՝ հասկանալու համար՝ արդյոք իրենց մոտ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ քննվում է, թե ոչ, սակայն, ի պատասխան, ՀՔԾ-ն չմեկնաբանեց: Հույժ գաղտնի տեղեկություն է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից վարույթ է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ փոխհատուցում տրամադրել: Նշենք, որ Մելոյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինիս հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում: Իսկ ո՞րն է հայցի պատճառը. մայիսի 8-ին Խաժակյանն անդրադարձել էր Աշոտ Մելոյանի հետեւյալ գրառմանը. «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, եւ անընդմեջ կարող են լեզվի տակ եղածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինեն թավշյա ապտակի»։ Խաժակյանը Մելոյանի հայտարարության վերաբերյալ գրել էր. «Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար: Ընդ որում՝ հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, եւ հարուցվել քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աշոտ Մելոյանը, որպես իր հեղինակության «փրկագին», ավագանու ընդդիմադիր անդամից դատարանի միջոցով պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում:

 

 

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ՝ աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը՝ Վարդան Վարդանյանը: Ասել է թե՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կադրերի հետ: Վարդանյանի ազատվելուց հետո սկսել են ազատման դիմումներ գրել նաեւ ՊՈԱԿ-ի մյուս աշխատողները: Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը. արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել էր առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Սակայն մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ էին արդյունքներից եւ պահանջում էին չեղարկել մրցույթի արդյունքները: Չնայած սրան՝ Վարդանյանը մի քանի ամիս շարունակեց պաշտոնավարել: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արդեն գործազուրկ տնօրենի հետ եւ հետաքրքրվեց ազատման իրական պատճառների մասին: Նախ՝ նշենք, որ սա անակնկալ է եղել Վարդանյանի համար: «Ճիշտն ասած ես հիմա վատառողջ պառկած եմ, բայց աշխատանքային պայամանագրի ժամկետն ավարտվել է, չի երկարաձգվել: Բնականաբար, այն չի երկարաձգվել գործատուի՝ նախարարության կողմից: Մինչեւ ծանուցում ստանալը անակնկալ էր ինձ համար: Պարզապես ծանուցել են, որ պայմանագիրը չի երկարաձգվել: Ես ինքս կուզեի իմանալ, թե ինչ խնդիր է եղել: Առողջանալուց հետո կորոշեմ թե ինչ անել»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը: Ի դեպ, նշենք, որ այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություննները ժամանակավորապես կատարում է տեղակալը՝ Արայիկ Հունանյանը:




Լրահոս