Վարչապետի աշխատակազմին հատկացվել է 412 հազար 500 դոլարին համարժեք դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ գումարը տրամադրվելու է «Baker & McKenzie LLP» ընկերությանը, ում հետ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր: Իսկ այդ ընկերությունը Հայաստանի Հանրապետության շահերն է ներկայացնում եւ պաշտպանում ICSID Case No. ARB/18/28 արբիտրաժային գործով: Այդ գումարից առաջիկա իննը ամսում տրամադրվելու է 275 հազար դոլար՝ կառավարության պահուստային ֆոնդից:
Որոշման ընդունումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ընկերության միջև բանակցություններ են ընթացել պայմանագրով սահմանված էական պայման հանդիսացող մի շարք դրույթների առնչությամբ, որոնք ամրագրվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և ընկերության միջև կնքված եռակողմ համաձայնագրում։ Ի թիվս այլնի` որոշվել է մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել ըստ համաձայնեցրած ժամանակացույցի։
Իսկ ինչ գործի մասին է խոսքը. այն վերաբերում է Հայաստան-Իրան չկառուցված երկաթուղու պարտավորություններին: Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագիր։ 2017 թվականին իշխանությունները պայմանագիր էին ստորագրել «Ռասիա ՖԶԷ»-ի հետ, որը տարիներ անց դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանից պահանջելով 160 միլիոն դոլար չկատարած պարտավորությունների դիմաց։ Եվ «Baker & McKenzie LLP» իրավաբանական ընկերության հետ պայմանագրի ընդհանուր արժեքը 750 000 դոլար է: Պայմանագիրը կնքվել է 2018-ի դեկտեմբերի 18-ին։ Արբիտրաժային վեճը ՀՀ-ի հետ դեռ շարունակվում է։
Ն.Հ.