Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրի վճռորոշ խաղում երկրի չեմպիոնության համար պայքարեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:
Վերջին տուրից առաջ «Արարատ-Արմենիա»-ն ուներ 49, իսկ «Նոա»-ն` 48 միավոր: Եվ որպես այդպիսին, այս խաղը չեմպիոնության համար էր:
Մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով, որոնք մեծ վտանգ չէին ներկայացնում: Նմանատիպ արագ հակագրոհներից մեկի ժամանակ` 17-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նարսինգը: Խաղակեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն Օտուբանջոյի խփած գոլի շնորհիվ կրկնապատկեց առավելությունը: Թիմերը հանգստի գնացին 2:0 հաշվով` հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի:
Երկրորդ կեսը շատ ավելի ակտիվ սկսեց «Նոա»-ն: Այս խաղակեսում «Նոա»-ն ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Սակայն ոչինչ անել այդպես էլ չհաջողվեց, և «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց ու երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Օրեր առաջ այս երկու թիմերը պայքարում էին Հայաստանի գավաթի համար: Դիտարժան, գերդրամատիկ խաղում երկրի գավաթակիր դարձավ «Նոա»-ն: Տուրի վերջին խաղում «Շիրակ»-ը Գյումրիում հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին: Երևանյան ակումբն առավելության հասավ խոշոր հաշվով` 2:4: