Առանց մտածելու տվեց իր կյանքը. Ապրիլյան պատերազմի մասնակիցն ու զոհված կապիտանն ընկերներ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անպայման, առանց մեկ վայրկյան մտածելու պատրաստ եմ պաշտպանել հայրենիքս: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Ապրիլյան պատերազմի մասնակից Թելման Մարկոսյանը ,  ով ծառայել է Թալիշում եւ ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորվել է ապրիլի 5-ի առավոտյան:

«Նոր եմ զինկոմից եկել, գնացել էի իրադրությունից տեղեկանալու: Հաստատ պատրաստ եմ  գնալու առաջնագիծ: Ես իմ մարտական բոլոր ընկերների հետ մշտապես կապի մեջ եմ, եւ բոլորս էլ պատրաստ ենք մեր հայրենիքի համար կռվելու, ով էլ չի մասնակցել Քառօրյային, հիմա պատրաստ ենք կանգնել բոլոր մեր ընկերների, եղբայրների, մեր հարազատների, մեր հայրենիքի կողքին: Պատրաստ եմ կանգնելու եւ պաշտպանելու իմ հայրենիքի սահմանները»,-նշում է նա:

Ապրիլյան պատերազմի մասնակցի խոսքով՝ օրեր առաջ հակառակորդի կրակոցներից զոհված կապիտան Սոս Էլբակյանն իր համագյուղացին եւ ընկերն էր:

« Սոսը շատ հայրենասեր, ընկերասեր մարդ էր, այն մարդն էր, որ հայրենիքի համար իր կյանքն առանց մտածելու տվեց»,-ասում է նա՝ մեր երկրի սահմաններին մաղթելով խաղաղություն:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 5-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Թելման Մարկոսյանը ստացել էր բեկորային վնասվածք, որի հետևանքով նա լուրջ խնդիրների առջև է կանգնել. ձախ ականջը չէր լսում, իսկ ոտքի մեջ տեղադրված էր «երկաթե շիշ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս