Վարդենիսում 25-ամյա Թորգոմ Հարությունյանի սպանության առեղծվածը շարունակում է մնալ իրավապահների կոկորդին: Անցել է մեկ ամիս եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել երիտասարդ տղայի դաժան սպանությունը։ Նկատվում է, որ բացահայտման ուղղությամբ իրավապահների քայլերն իրականացվում են շատ դեպքերում ուշացած:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն, իրավապահները դեպքից հետո բավականին ուշացումով են առգրավել այն տեսախցիկները, որոնք կարող էին օգնել բացահայտել սպանությունը: Ասել է, թե տաք հետքերով չեն գնացել: Այսքանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվում եւ մեզ հասած լուրերի համաձայան, ոստիկանությունը սպանության գործով խուզարկությունների շարք է սկսել Վարդենիս քաղաքում։ Մի շարք ակտիվ երիտասարդների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Ռոմիկ Մինասյանի բնակարանում. նրան կասկածում են սպանության առնչության հետ։ Մեզ հետ զրույցում փաստաբան Վարդան Համբարձումյանը նշեց, որ Ռոմիկ Մինասյանի տանն իրականացված խուզարկության արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել, որը կարող էր հետաքրքրել իրավապահներին։ Ընդ որում՝ առաջին դեպքը չէ, որ իրավապահները նույն Ռոմիկ Մինասյանի տունը խուզարկել են ու հետաքրքրող ոչինչ չեն հայտնաբերել։ «Խուզարկություն են իրականացրել, որի սանկցիայի մեջ նշված է այսպես, որ իբրեւ ոստիկանության Վարդենիսի բաժինը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Ռոմիկ Մինասյանի տանը կամ օժանդակ շինություններում այդ գործի հետ կապված կամ հանցագործության հետ կապված բաներ կարող են հայտնաբերել: Իրականացրել են խուզարկություն եւ բացարձակապես որեւէ բան չեն հայտնաբերել», – ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վարդան Համբարձումյանը:
Ըստ փաստաբան Համբարձումյանի, որեւէ հիմք, որեւէ ցուցմունք չկա, որ Ռոմիկ Մինասյանը վատ հարաբերություններ կամ լարված հարաբերություններ է ունեցել Թորգոմ Հարությունյանի հետ, որ հիմա էլ ինչ որ կասկածներով նրա բնակարան են մտել .«Բացարձակ Թորգոմ Հարությունյանի հետ որեւէ խնդիր չկա ու չի կարող լինել»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը Վարդենիս քաղաքում կրակոցներ էին հնչել. հնչել էին 18 կրակոց , որից 9-ը կպել էին 25-ամյա Թորգոմ Հարությունյանին։ Նշենք, որ 18 կրակոցից երկուսը մահացու էր եղել երիտասարդի համար , որը Վարդենիսի հոսպիտալում երկար պայքարել էր կյանքի համար , սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը ։
Հավելենք, որ սպորտսմեն Թորգոմ Հարությունյանը 3 տարի առաջ էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու, ըստ ամենայնի, որոշ անձանց հետ հարց ու պատասխաններ է ունեցել։ Թե կոնկրետ ում հետ, ինչ խնդիր է ունեցել, եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները 1 ամիս է` դեռ պարզում են։
Մանրամասները՝ տեսանյութում