Դերասանուհի, մոդել Սաթեն Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է միայնակ մոր կարգավիճակի, սիրած տղամարդու կորստի, սեքսուալ ֆոտոշարքերի եւ «Խաբկանք» հեռուստասերիալում նկարահանվելու մասին:
-Սաթե՛ն, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։
-Այս ժամանակահատվածում նկարահանվում եմ «Խաբկանք» հեռուստասերիալում, եւ քանի որ ոլորտն այս շրջանում այնքան էլ ակտիվ չէ, ունեմ փոքրիկ գովազդային հոլովակներ ու նկարահանվում եմ ֆոտոշարքերում: Եվ հիմա ավելի շատ կենտրոնացել եմ այդ աշխատանքների վրա:
-Սաթե՛ն, Ձեր ֆոտոշարքերը բավականին բաց են եւ ազատ: Ինչպե՞ս եք ընտրում թեման, հագուստը, կերպարը, որով հանդես եք գալիս:
-Հետաքրքիր էր Ձեր բնորոշումը, բայց ես ավելի շատ կբնութագրեի էսթետիկ, եթերային, ամսագրային, ավելի ոճային, բայց ամեն դեպքում ընբռնումով եմ մոտենում նման բնորոշումներին: Նախ ընտրում եմ լավ լուսանկարիչ, քանի որ էներգիայի առումով մենք պետք է միմյանց հասկանանք, քանի որ վերջնական արդյունքը երկուսինս է: Քննարկում ենք հետաքրքիր թեմաներ, վերլուծում եւ իրագործում: Շատ դեպքեր են եղել, որ աշխատանքի ընթացքում մի բան մտածել ենք, մեկ այլ բան ստացել: Այսինքն՝ ինքը նյութը ստեղծվել է աշխատանքի ընթացքում, եւ ես իմ բոլոր ֆոտոշարքերը շատ եմ սիրում: Իհարկե, շատ արձագանքներ եմ լսում ե՛ւ լավ, ե՛ւ վատ առումով: Քննադատություններ ավելի շատ լսում եմ բարեկամներից, որ արդեն մայր եմ, այդ փաստն են շահարկում: Պրոֆեսիոնալ մարդիկ կան, որոնցից լսում եմ միայն դրական, խրախուսող խոսքեր: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի ունենամ պրոֆեսիոնալ պորտֆոլյո, եւ կարծում եմ, որ ինձ մոտ դա ստացվում է:
-Իսկ ընտանիքի անդամների արձագանքն ինչպիսի՞ն է:
-Արդեն այս ոլորտում եմ 2011 թվականից: Սկզբից արձագանքները միայն բացասական էին, եւ երբ խաղում էի թատրոնում, ոչ մի անգամ, քույրիկիցս բացի, ընտանիքիս անդամներից ոչ մեկ չի եկել իմ ներկայացումները դիտելու: Սկզբնական շրջանում շատ վատ էի տանում այդ հանգամանքը, հետո սովորեցի եւ հասկացա մի բան, որ ինձ պարզապես չեն հասկանում: Ես անհատ եմ, որն ունի իր սիրելի ոլորտը, որտեղ ստեղծագործում է, եւ ցանկացած բացասական լիցք, էնէրգիա, որ փոխանցում են ինձ, է՛լ ավելի ուժեղ է դարձնում, որի համար շնորհակալ եմ: Այս ոլորտում գումար աշխատելը շատ հեշտ է, եթե դու պրոֆեսիոնալ ես մոտենում քո գործին:
-Որպես մոդե՞լ եք ձեզ ավելի ազատ եւ լավ զգում, թե՞ դերասանուհի:
-Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, բայց հավելյալ գումար վաստակելու համար զբաղում եմ մոդելային գործունեությամբ, ինչը թույլ է տալիս իմ մարմինը, կազմվածքը: Այս ոլորտում գումար աշխատելը շատ հեշտ է, եթե դու պրոֆեսիոնալ ես մոտենում քո գործին:
-Հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ։ Մտավախություն չունե՞ք հանրության մեջ հիշվել հենց այս կերպարով։
-Ինչ լավ է, որ հասարակությունն ինձ չի տեսել գետաձիու կերպար խաղալիս. իհարկե կա մի մասսա, որ նույնացնում են, բայց ես ոչ մի բացասական բան դրա մեջ չեմ տեսնում: Կարծում եմ, որ ամեն մարդ գնահատում է ըստ իր մտահորիզոնի: Ես իմ կյանքում խաղացել եմ տարբեր կերպարներ՝ ե՛ւ բարոյական, ե՛ւ անբարոյական, եթե կտրուկ բնորոշեմ: Կարեւորն այն է, որ ես իմ կերպարը մարդկանց հասցնեմ: Կարեւորը՝ հանդիսատեսը հասկանա, կերպարը ըմբռնի եւ տանի տուն:
-Գեղեցիկ կանանց անվան շուրջ ինչ ասեկոսեներ ասես, որ չեն հյուսում։ Ամենացավալի սուտը, որ լսել եք Ձեր մասին, ո՞րն է եղել։
-Սկզբից, երբ լսում էի իմ մասին ինչ-որ միֆեր, շատ ծանր էի տանում, ինչո՞ւ, ինչո՞ւ, իսկ հիմա ոչ: Հատկապես շատ է շոշափվում իմ՝ միայնակ մայր լինելու հանգամանքը:
-Իսկ Ձեզ չի՞ կաշկանդում, վախեցնում միայնակ մոր կարգավիճակը:
-Առհասարակ չեմ ընդունում եւ չեմ հասկանում միայնակ մայր ասվածը: Երբ կինը դառնում է մայր, ինքն այլեւս միայնակ չէ: Ինձ եւբեւէ չի խանգարել իմ կարգավիճակը, եւ այս հարցում ինձ միշտ օգնել է իմ տղան: Ամեն իրավիճակում նա ինձ տալիս է ուժ, տալիս է առաջ մղելու կարողություն, եւ ես հստակ քայլելով առաջ եմ գնում: Մայր լինելը պարծանք է, եւ ես հպարտորեն դա կրում եմ:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Ինձ համար կյանքի դժվարին շրջան էր 2018 թվականը, քանի որ տարբեր էմոցիաներ էին իմ մեջ, շատ դժվար էր, չեմ կարող խոսել…
-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:
-Օրերս թերթում էի Չերչիլի գիրքը, որտեղ ուշադրությունս գրավեց մի միտք. «Երբ ուզում ես արդյունքի հասնել, պետք է կռվես»: Ես առաջնորդվում եմ այդ գաղափարով: Չեմ վախենում ոչնչից, վերցնում եմ վատը, բացասականը եւ իմ մեջ դարձնում եմ դրական: Ինձ թվում է՝ կյանքում ոչինչ չի կարող ինձ հիասթափեցնել, ընկճել: Արդեն բավականին ապրած ունեմ, որի համար ես շատ շնորհակալ եմ ինձ հիասթափեցնողների եւ ուժ տվողների համար:
-Սաթե՛ն, կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:
-Կարծում եմ, որ կնոջ միակ զենքը կանացիությունն է, որը պետք է նա ճիշտ օգտագործի: Չպետք է վախենալ կանացի լինելուց: Եթե ծնվել ես կին, ապա պետք է լինես կանացի, եթե ծնվել ես տղամարդ, պետք է լինես առնական:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԳՆՈՒՄ ԴԵՊԻ 1990-ԱԿԱՆՆԵՐ». ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն մի քանի օր է, ինչ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի, ապա Ազգային ժողովի շենքերի մոտ հավաքվում եւ բողոքի ակցիա են իրականացնում ընդունելության քննություններում դրական նիշը հաղթահարած, նույնիսկ 17-ից բարձր գնահատականներ վաստակած, բայց բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները:
Խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշում է, որ մեր կրթական համակարգ է վերադառնում խնդիր, որն առկա էր 1990-ական թվականներին:
«Լուծումը հասկանալու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե խոսքը կոնկրետ քանի դուրս մնացած դիմորդի մասին է. եթե դուրս մնացած դիմորդների թիվը մի քանի տասնյակ է, ապա հնարավոր է լրացուցիչ տեղերի միջոցով, գոնե շատ բարձր հավաքած դիմորդների խնդիրը լուծել, բայց եթե նրանց թիվն իսկապես շատ է, կարծում եմ, այլ տարբերակ, քան օգտվել թափուր տեղերից կամ հետագայում նաեւ հեռակա ուսուցումից, այս պահին չեմ տեսնում, որովհետեւ սա ընդամենը մի քանի ֆակուլտետի մասին է եւ համատարած բնույթ չի կրում»,-ընդգծում է նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախապես հայտարարություններով հանդես եկել է, համապատասխան փաստաթղթերում գրվել է, այլ բան է, որ խորհրդատվության պակաս է եղել, այդքան շատ չի խոսվել, որքան որ պետք է եղել:
«Գուցե պետք էր սոցիալական հոլովակ պատրաստել, որտեղ ներկայացվեր, որ կարող էր լինել նման իրավիճակ, որ 17-18 միավորով կարող են համալսարաններից դուրս մնալ, մի բան է, որ նախարարն հայտարարում է, մեկ այլ բան է, որ այն մատուցվի ճիշտ, բայց վստահ եմ, որ դիմորդների մեծամասնությունն ի սկզբանե տեղյակ են եղել»,-հավելում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՏԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ
Պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ստացել է Պորտուգալիայի չեմպիոնության ոսկե մեդալը: 39-ամյա Կասիլյասը մեդալի լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր պաշտոնական էջում: «Խոսեր չեմ գտնում նկարագրելու համար այն, ինչ զգում եմ: Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, թիմակիցներիս այս մեդալի համար: Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար»,- գրել է Կասիլյասը:
Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալից» «Պորտու» էր տեղափոխվել 2015 թվականին: Ընթացիկ տարվա փետրվարին իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտարարեց կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հաջորդ մրցաշրջանում եւս կշարունակի աշխատանքը միլանյան ակումբում. տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Միլանի» ղեկավարությունը գոհ է 54-ամյա Պիոլիի աշխատանքից եւ որոշել է շարունակել համագործակցությունը նրա հետ: Ակումբը նոր պայմանագիր է կնքել իտալացի մասնագետի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանն» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում է «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի թեկնածությունը: Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Միլանն» այժմ 59 միավորով 5-րդ տեղում է:
ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր հաջողություն է գրանցել Անգլիայի առաջնությունում: Գվարդիոլան Անգլիայի առաջնության պատմության մեջ թիմի մեկնարկային կազմն ամենաշատը փոփոխության ենթարկած մարզիչն է: Նա թիմի մեկնարկային կազմը փոփոխության է ենթարկել 143 անգամ: Այս ցուցանիշով նախկինում առաջատար էր «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը՝ 140 փոփոխությամբ: Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից: Կատալոնացի մասնագետի գլխավորությամբ մանչեսթերյան ակումբը 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն՝ 1 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 3 անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթակիր, 2 անգամ էլ՝ Անգլիայի սուպերգավաթակիր:
ԿՈՐԵԼ Է
Կորել է Արմենուհի Տեր-Խաչատրյանի՝ Երեւանի Հրաչյա Աճառյան համալսարանի «Հայոց լեզու եւ գրականություն» բակալավրի աստիճանի դիպլոմը՝ (միջուկով) տրված AB N 131234, 2011թ. հունիսի 08-ի որոշմամբ: