ԿԱՐԳԱԶԱՆՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթերորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանն արդեն անցյալում է. պատգամավորներն այժմ ամառային հանգստի մեջ են, չնայած չի բացառվում՝ օգոստոսի 12-ին վերջացող արտակարգ դրության հետ կապված փոփոխություններ լինեն, եւ պատգամավորներն արտահերթ նիստ անցկացնեն: Ինչեւէ, խորհրդարանի գարնանային նստաշրջանն առանձնացավ հատկապես բուռն միջադեպերով պատգամավորների միջեւ: Եվ չնայած գրանցվեց պատգամավորի էթիկայի կանոնների խախտման մի քանի աղմկոտ դեպք, բայց դրանցից ոչ մեկի առիթով խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չստեղծվեց:

 

Հետաքրքիր է, որ յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ հաճախ էին վեճեր տեղի ունենում ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, այնուհետեւ դրանք զանվածային բնույթ ստացան արդեն իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջեւ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

խորհրդարանում հաճախ էր լեզվակռիվ տեղի ունենում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթների պատճառով։ Օրինակ՝ նրա ելույթներից մեկը քրեական ենթամշակույթ կրողների դեմ պայքարի նախագծի քննարկման ժամանակ իսկական իրարանցում առաջացրեց։ Նա մասնավորապես իր ելույթում նշել էր, որ պետք է, այս անձանցից բացի, պայքարել նաեւ երեք տառից կազմված այլ անձնանց դեմ։ Նրա այս արտահայտությանը հետեւել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի սուր ելույթը, որին էլ ԲՀԿ-ականների զայրույթն ու հայտնի միջադեպը։

Մեկ անգամ էլ կրկին Գեւորգ Պետրոսյանն աչքի ընկալ մեկ այլ դրվագով՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ։ Խոսքը սեռափոխված անձանց երեխաներ որդեգրել թույլ չտալու մասին նախագծին էր վերաբերում։

Բանավեճեր հաճախ են տեղի ունեցել պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Հետաքրքիր է, որ նման միջադեպերի ժամանակ անմասն չի մնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ Մխիթար Հայրապետյանի հետ բանավեճին կրկին խառնվեց Միրզոյանը։

Իսկ, ահա, մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը վերածվեց ծեծկռտուքի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հետեւեց ծեծկռտուք Սասուն Միքայելյանի հետ, որին միացան գրեթե բոլոր պատգամավորները, եւ երկար ժամանակ նրանց հանգստացնել չէր ստացվում։

Իհարկե, սա Աժ-ում լարված նիստերի եւ բանավեճերի միայն մի մասն է։ Եղել են նաեւ պարզապես սուր ելույթներ:

Եվ չնայած էթիկայի ժամանակավոր հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց, սակայն իշխող խմբակցությունը նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ» օրենքում նոր փոփոխություններ կատարել: Գործող Սահմանադրությունը տալիս է միայն ժամանակավոր, կոնկրետ գործի քննության նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հնարավորություն: Առաջիկայում նախատեսվող Սահմանադրության բարեփոխումների միջոցով այս սահմանափակումը կվերանա, եւ էթիկայի հանձնաժողովին կտրվի մշտականի կարգավիճակ: Բայց մինչ սա իշխող խմբակցությունը փորձում է գտնել մի այնպիսի կարգավորում, որը թույլ կտա աշնանը հանդարտ միջավայրում ստեղծել մի այնպիսի էթիկայի հանձնաժողով, որը կկարողանա քննել էթիկային առնչվող բոլոր դեպքերը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է պատգամավորի վարքականոն, որը խախտելու համար ԱԺ նախագահը կամ նիստը նախագահողը կարող է կիրառել հետեւյալ կարգապահական միջոցները՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում դահլիճից եւ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում:

Այս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ նախագահողի օրինական պահանջը չի կատարվում, քննարկվող հարցից ելույթում պատգամավորը շեղվում է, վիրավորական արտահայտություն է անում, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվում կամ քվեարկում է, խոչընդոտում է պատգամավորի քվեարկությանը, ԱԺ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն է կատարում։

«Հանրային ծառայության մասին» օրենքը ասում է, որ շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը պետք է առաջացնի կարգապահական պատասխանատվություն, սակայն նույն օրենքը սահմանում է նաեւ, որ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ, մինչդեռ հայտնի է, որ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 6-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ:

 

 

ԿՈՆԿՐԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Նախօրեին Ազգային ժողովում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրմանը վերաբերող զեկույցների քննարկում: Փորձագետները նախորդ ամիսներին ուսումնասիրել են խորհրդարանական բարեվարքության եւ էթիկայի մասով Հայաստանի օրենսդրությունը, պարզել օրենսդրական բացերն ու կարգավորման անհրաժեշտություն ունեցող դրույթները: Քննարկման ընթացքում ներկայացվել է զեկույցների բովանդակությունը, օրենսդրական բացերի կարգավորման կոնկրետ լուծումներ են առաջարկվել:

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։ Ըստ Մ. Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու եւ առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

 

 

 

ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

 

 

ԹԵԺ ՆԻՍՏ

Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայույթն է հարուցել: Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր հատվածի կարծիքով՝ Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եւ վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել «անհնազանդ» պատգամավորի հետ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Օրակարգային հարցերից են եղել նաեւ կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադարձությունները, Հայաստանում հայտարարաված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչներն են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Արփինե Դավոյանը:

 

 

ԴԻ՝ ԽՈՂՈՎԱԿԻ ՄԻՋԻՑ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի միջից տղամարդու դիակի հայտնաբերումից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերված տղամարդը 80 տարեկան էր, որը Չարենցավան քաղաքի բնակիչ է, եւ դեռ ավելին՝ ոստիկանության  կողմից որոնվում էր: Ի դեպ, ըստ նախնական վարկածի՝ տղամարդը Չարենցավանի կանալում մտել է լողալու  եւ ջրի ուգնության հետեւանքով հայտնվել է խողովակի մեջ, ինչի հետեւանքով էլ մարմնի տարբեր հատվածները մասնատված են եղել: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։ Փրկարարները, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս. Քոչարյանի հանձարարականով՝ ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, ոստիականության Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվեցին օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, իսկ Նոր Հաճնի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե։

 

 

 




Լրահոս