Երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու դերասան Աղաս Մանուկյանն անակնկալ են պատրաստել իրենց երկրպագուների համար` տեսահոլովակի եւ երգի տեսքով: ArmLur.am-ը տեսահոլովակի մանրամասների մասին խոսել է Գեւորգ Մկրտչյանի, Անահիտ Կիրակոսյանի եւ Աղաս Մանուկյանի հետ։
Գևորգ Մկրտչյանի խոսքով տեսահոլովակը գյուղական հարսանիքի մասին է, որը փորձել են ավելի հումորային ձեւով ներկայացնել։ Երգը որեւ հատուկ մեսսիջ չունի, պարզապես փորձել են լավ տրամադրություն հաղորդել հանդիսատեսին՝ պահպանելով գյուղական կոլորիտային վիճակը։
«Տեսահոլովակը նկարահանել ենք Դսեղ գյուղում, հայտնի դեմքերից նկարահանվել են Լալա Մնացականյանը, Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյան եւ այլն։ Իրականում տեսահոլովակի միտքն արդեն մեկ տարուց ավել է, ինչ կար, պարզապես չգիտեի, թե ում հետ կարող եմ իրականացնել, եւ երբ պատմեցի իմ պրոդյուսերին՝ Արման Անտոնյանին, հենց առաջին մարդը, ում առաջարկեց Աղաս Մանուկյանն է, ով սիրով ընդունեց առաջարկը, իսկ հետո երեքով հավաքվեցինք, որոշեցինք առաջարկ անել Անահիտ Կիրակոսյանին»,-նշեց նա։
Աղասի Մանուկյանի խոսքով ինքը տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը ստացել է Արման Անտոնյանից եւ սիրով ընդունել է․ «Առաջինը մտածել եմ, որ աշխատող նախագիծ է, իսկ երկրորդը՝ իմ ընկերներն են թե՛ Արամ Անտոնյանը, թե՛ Գեւորգ Մկրտչյանը։ Միասին համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, թեեւ տեսահոլովակի նկարահումներին շատ չարչարվեցինք, բայց հույով ենք՝ ամեն ինչ լավ է ստացվել, հանդիսատեսը կհավանի»։
Իսկ Անահիտ Կիրակոսյանի խոսքով առաջին զանգը նա ստացել է Աղասի Մանուկյանից։
«Աղասին զանգահարեց, խնդրեց, որ հանդիպենք՝ առաջարկով։ Հանդիպումը տեղի ունեցավ Արման Անտոնյանի եւ Գեւորգի հետ։ Երբ ստացա առաջարկը շատ ուրախացա անկեղծ, քանի որ սիրում եմ նոր փոփոխություններ, հետաքրքիր լուծումներ եւ հատկապես, երբ մի նախագծի մեջ կա հումոր, իսկ ես շատ եմ սիրում հումորը․ անխոս համաձայնեցի»,-ասաց դերասանուհին։
Անահիտի գնահատմամբ տեսահոլովակի նկարահանումներն անցել են ընկերական հիանալի միջավայրում, հասցրել է բոլորի հետ ընկերանալ։
«Երգը շատ եմ հավանել եւ շատ ուրախ էի, որ նկարահանումներին միացել են մի քանի վաստակաշատ դերասաններ՝ Տիգրան Գյուլումյանը, Լալա Մնացականյանը, Ալլա Լեւոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Լեռնո Հարությունանը, Գարիկ Սեփխանյանը եւ այլք։ Կարծում եմ՝ շատ լավ եւ դրական բան է ստացվել»,-հավելում է Անահիտ Կիրակոսյանը։
Լիդա Եղիազարյան