«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Գեւորգ Պապոյանն առաջարկում են փոփոխություն անել «Գնումների մասին» օրենքում եւ հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն անել օրենքի 5-րդ հոդվածում եւ շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Ընդ որում` կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ, հաշվի անելով, որ`

ա. այն պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում.

բ. գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին,

գ. գործընթացին մասնակցելու պայմանները եւ դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ՝ նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից,

դ. անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում վերջինիս կամ իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուի կողմից հրապարակվում է տեղեկագրում,

ե. գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի` պայմանագրի կատարման եւ կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ՝ պայմանով, որ  անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ: Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է` գործընթացին մասնակից դարձնելով նաեւ պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում,

զ. եթե միեւնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումը առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա վերջինս զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից, ինչի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն»:

Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշել են, որ ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է պատվիրատուի պաշտոնյաների կողմից պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացը պատշաճ չիրականացնելու ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ, հատկապես այնպիսի գնումների դեպքում, որոնց պայմանագրին համապատասխանությունը հնարավոր է գնահատել միայն պայմանագրի կատարման պահին կամ դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում:

Պետք է նկատել նաեւ, որ պայմանագրի կատարման արդյունքները ընդունելու ժամանակ նշված ռիսկը չեզոքացնելու համար կարող են գործել, իսկ առանձին դեպքերում գործում են այլ անձանց կողմից մասնագիտական եզրակացությունների ներկայացման մեխանիզմներ` տեխնիկական հսկողություն, լաբորատոր եզրակացություններ եւ այլն, սակայն այս մեխանիզմները նույնպես լիարժեք չեն: Այսպիսով, պետք է արձանագրել, որ թեեւ գործող իրավական ակտերը որոշակիորեն կարգավորում են հանձման-ընդունման գործընթացը, սակայն գործնականում խնդիրը արդիական է, մասնավորապես՝ անմիջապես կամ արագ սպառվող գնումների դեպքում, պաշտոնատար անձանց կողմից խախտումների իրականացման պարագայում, քանի որ դրանց կանխումը կամ հետագա բացահայտումը խնդրահարույց է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի Անվտանգային քաղաքականության եւ հիմնարար փաստաթղթերի վարչության պետ, Տարոն Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ, Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

 

 

15-ՐԴ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Նիստին մասնակցելու համար ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի սեպտեմբերի 14-18-ը:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրանք քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ մաղթել հաջողություններ: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի եւ դատական համակարգի պատասխանատվությունը մեր հասարակության առջեւ»,-ասել է նախագահը:

 

 

ՆՈՐ ԴԵՊՔ ՉԿԱ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 3 քաղաքացի։ Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 17, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9465 փորձանմուշի հետազոտություն:

 

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂՆ» ՈՒ 4 ՄԼՆ ԴՐԱՄԸ

Իրավապահ համակարգը պայքարի է դուրս եկել «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների դեմ: ԱԱԾ-ն ձերբակալել է «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանին, իսկ, ահա, ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ՝ «օրենքով գող» Զապի՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ կոնկրետ ի՞նչ գումարի մասին է խոսքը. մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիս ամսին հափշտակել է մոտ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք, որից հետո՝ 2020թ., հուլիս ամսին, քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ եւ հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ: Նշված հարցի եւ ընթացող պարզաբանումների մասին տեղեկացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «օրենքով գող» անձը:

Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, այլ անձի միջոցով իր անունից հրահանգել է քրեական հեղինակություն հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով: Քրեական հեղինակություն հանդիսացող անձն էլ իր հերթին հրահանգել է իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամ հանդիսացող անձին հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, որից հետո նրան բաց է թողել, ինչի մասին նույն անձի միջոցով տեղյակ է պահել «օրենքով գողին»: Այս հարցի լուծմանը ներգրավված է եղել նաեւ «օրենքով գող» Զապի՝ Անդրանիկ Սողոյանի  ազգականը:

 

 

5 ԳՈՐԾ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ Պաշտպանության ազգային ծառայությունը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ եւ շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։




Լրահոս