ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասկած չկա, որ հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: «Չեզոք դիրք ընդունել անհնար է, որովհետեւ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք, իհարկե, ֆորմալ պարտավորություններ չունենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց քաղաքական, ռազմական եւ բարոյական պարտավորություններ ունենք հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ հայերն ապրում են ինչպես Հայաստանում եւ Ռուսաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում», – նշել է նա՝ հավելելով, որ ժողովրդի կոտորած չպետք է թույլ տանք, ինչը ցուցադրաբար անում է հարձակվող կողմը:

 

Միեւնույն ժամանակ երեկ առաջին անգամ այս իրավիճակի մասին իր պաշտոնական տեսակետը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նախ հայտարարեց, թե պետք է անհապաղ դադարեցնել կրակը, ապա հավելեց, որ Հայաստանին սպառնալիքի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կատարելու է իր դաշնակցային պարտավորությունները:

-Պարո՛ն Զատուլին, Արցախում սկսված պատերազմից 12 օր անց ի՞նչ կարող եք ասել: Ինչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը որոշեց պատերազմ սկսել Արցախի Հանրապետությունում:

-Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ իր ունակությունն այս հարցն ուժով լուծելու համար: Եվ քարոզչական նպատակներով դա ուղեկցվում է հայտարարություններով, թե պատերազմը սկսել է Հայաստանը: Սակայն բոլորին է հայտնի, որ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղիդ դա պետք չէ, եւ երկու պետություններն էլ հանդես են գալիս որպես ստատուս-քվոյի կողմնակից: Իսկ, ահա, Ադրբեջանն էլ փորձում է ռեւանշի հասնել: Կարծում եմ, որ նոր պատերազմ սկսելու հարցում մեծ դեր է ունեցել Թուրքիան եւ նրա ծրագրերը տարածաշրջանում:

-Այսինքն, կարծում եք՝ Թուրքիա՞ն է խորհուրդ տվել սկսել ռազմական գործողություններ:

-Թուրքիայի միջամտությունն ակնհայտ է, եւ դա պարզ է դառնում Թուրքիայի ռազմական եւ քաղաքական ղեկավարության վերջին հայտարարություններից, որով նրանք կոչ են անում հայերին հեռանալ Ղարաբաղից: Սակայն հայերն ապրում եւ ապրել են այնտեղ երկար տարիներ եւ այդտեղից անհետանալ չեն կարող: Ղարաբաղը միշտ պատկանել է ղարաբաղցիներին, եւ այնտեղ հայկական եկեղեցիներ կան: Այն մեղադրանքները, թե հայերն իրենց պետությունը ստեղծել են այլ երկրի հողում, սխալ է, քանի որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ 1991 թվականին Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս է եկել արդեն առանց Ղարաբաղի, որը Բաքուն արդեն չէր կարողանում ղեկավարել: Իսկ հիմա արդեն Ադրբեջանն է խախտում 1994 թվականին հաստատված հրադադարը:  Եթե հաստատվի, որ Սու 25-ը խոսցվել է թուրքական f16-ից, ապա դա ուղիղ կնշանակի, որ Թուրքիան ուղիղ խառնվում է այս կոնֆլիկտին: Պետք է գտնել խոցված ուղղաթիռի մնացորդները եւ պարզել, թե ինչով են խոցվել. Դա հիմա կարեւոր է:

-Շատ էին մեղադրական հայտարարություններ հնչում ՌԴ հասցեին, երեկ առաջին անգամ խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի վերջո, ո՞րն էր ՌԴ-ի դերն այս կոնֆլիկտում:

-Այս աշխարհում ՌԴ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է հասնեն կրակի անհապաղ դադարեցման: Ընդ որում, Ադրբեջանը չպետք է արդյունքներ ունենա իր պահվածքի համար: Իլհամ Ալիեւն անընդհատ գնում է բանակցություններից, քանի որ իրեն թվում է, թե միշտ հաջողելու է:  Ցավոք սրտի, այս պատերազմը տարբերվում է 2016 թվականի ապրիլի գործողություններից:  Իհարկե, մեր ֆորմալ դիրքորոշումն այն է, որ պետք է ընկերություն անենք երկու պետությունների հետ էլ, սակայն մենք ունենք երկկողմանի պարտավորություններ ՀՀ-ի հանդեպ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՊՈՒՏԻՆԸ ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում կկատարի իր բոլոր պարտավորությունները, Հայաստանն այս մասով հարցեր չունի»,- երեկ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ մանրամասնել.

 

«Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք սույն համաձայնագրի շրջանակներում որոշակի պարտավորություններ ունենք Հայաստանի հանդեպ: Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, դրանք չեն իրականացվում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից սույն Պայմանագրով ստանձնած իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք եւ շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», – ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը «Ռոսիա 1»-ի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում:

Սա, ըստ էության, զգուշացում էր Թուրքիային ու Ադրբեջանին. իսկ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը, եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ի՞նչ անելիք ունի Ռուսաստանի Դաշնությունը, եթե ռազմական գործողություններն ընթանան Հայաստանի տարածքում:

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՐՁԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ:

Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ՝ Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Դատելով միջազգային արձագանքներից՝ նաեւ Եվրախորհրդարանն էր քննարկում Արցախի հարցը, որտեղ եղան ելույթներ ե՛ւ ադրբեջանական ագրեսիայի, ե՛ւ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ, միաժամանակ, ՌԴ նախագահը, ինչպես նաեւ իրանական կողմը շեշտեցին իրավիճակի անթույլատրելիությունը։ Այս մասին երեկ նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ «Այսինքն՝ ընդհանուր առմամբ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա գնալով մեծանում է։ Այդուհանդերձ, Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու, շարունակելու է ռազմական գործողությունները։ Այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 11 օր շարունակ, եւ որը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիեւի համար։ Երեկ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում էր Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում։ Այսինքն՝ նրանք ապրում են զուգահեռ երեւակայական աշխարհում։ Եթե այսօր իրենք լսեն կոչերը եւ դադարեցնեն ռազմական գործողությունները, համաձայնեն հետ վերցնել իրենց դիակները, ապա դա հսկայական խուճապ է առաջացնելու Ադրբեջանում, եւ կարող է ճակատագրական դառնալ Իլհամ Ալիեւի համար»,-ասել է նա:




Լրահոս