ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ԱՆԵՆ՝ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Ուկրաինայի դիրքորոշման վերաբերյալ՝ կապված Արցախում Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած պատերազմի հետ: Պատգամավորը հայտարարեց, որ իրենք երբ ուղիղ հարցնում են, թե արդյոք իրենք կողմ են, որ պատերազմ ընթանա Արցախում, եւ արգելված զենքով հրետանակոծվի Ստեփանակերտի եւ Շուշիի խաղաղ բնակչությունը, հայտարարում են, թե պատերազմին դեմ են: Զրուցել ենք նաեւ եվրոպական կառույցների հայտարարությունների, ՀՀ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:

 

-Պարո՛ն Իգիթյան, ինչպե՞ս եք գնահատում  վերջին օրերին միջազգային հանրության դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի  եւ Արցախի հակամարտության հետ:

-Նախ՝ գոնե մենք առաջին հերթին հասկանում ենք այս ամբողջ ծրագիրը, որը իրականացվել է Թուրքիայի պլանավորմամբ: Այն է, իբր, հուլիսին Հայաստանը փորձել է հարձակվել Ադրբեջանի վրա եւ վնասել գազատարն ու նավթամուղերը, սա, որպես հետեւանք, Թուրքիան իր զորքն է մտցրել  Նախիջեւան եւ Գանձակի կողմերը եւ Ադրբեջանի հետ իրականացրել է համատեղ զորավարժություններ: Իրականում զորվարժությունների իմաստը եղել  Թուրքիայի զորքի Ադրբեջան մտցնելը, եւ այդ զորքը մնացել է այնտեղ: Եվ հիշում ենք, որ դեպտեմբերի 27-ին եղել է այդ կեղծ հայտարարությունը, որ, իբր, Հայաստանը ռմբակոծել է ինչ-որ գյուղեր: Դա այնքան մեծ սուտ է: Գուցե մեր սպասելիքներից մի փոքր ուշ, բայց տեսնում ենք, որ բոլոր երկրները, ավելի կարեւոր միջազգային կազմակերպությունները արդեն բաց տեքստով մեղադրում են Թուրքիային: Եվ իրենց կոչը՝ պատերազմի դադարեցման, ուղղված է ոչ թե նախկինի պես Ղարաբաղի կոնֆլիկտին, այլ Թուրքիային: Եվ  սա արդեն ապացուցված  է, որ Թուրքիան ոչ միայն իր զորքն է օգտագործում այնտեղ, այլ  նաեւ Սիրիայից բերել է  ամբողջ աշխարհում ահաբեկիչ համարվող ջիհադիստներին եւ օգնտագործում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

– ԵԽԽՎ-ի Ձեր գործընկերների հետ խոսե՞լ եք, պարզե՞լ եք, թե ինչն էր պատճառը, որ Ուկրաինան նույնկերպ չի արձագանքում:

-Աշխարհում մեկ երկրին էր՝ Թուրքիան, որ բացահայտ աջակցեց Ադրբեջանին: Հիմա Ուկրաինայի հարցը. այն  ունի ռազմական- ռազմավարական երկրների ցանկը, որտեղ մտնում է Թուրքիան եւ Ադրբեջանը: Այդ պարագայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը եղել է չեզոք գոնե այս  իրավիճակում՝ հաշվի առնելով իրենց վերաբերմունքն ու հարաբերությունները Ադրնեջանի եւ Թուրքիայի հետ: Նրանք ուղղակի կոչ են արել կողմերին (իհարկե, ինձ դուր չեկավ, որ նշված էր միայն Ադրբեջանը): Հիմա ցանկացած խաղաղության ուղղված կոչ մենք պետք է համարենք՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի օգտին է: Եղել են  պրովոկացիաներ. օրինակ՝ մի կին պատգամավոր, որը հանդիսանում է ուկրաինաթուրքիայի խմբի նախագահ կամ համանախագահ, նաեւ Ադրբեջանի հետ բարեկամության խմբի նախագահի տեղակալ, հայտարարություն է արել, որ Ուկրաինան պատրաստ է զենք եւ մարդասիրական օգնություն ուղարկել եղբայր Ադրբեջանի ժողովրդին: Անմիջապես հերքում տեղի ունեցավ, որը հերքել է երկրի ղեկավարը՝ ի դեմս երկրի անվտանգության քարտուղարի հայտարարության:

-Իսկ Եվրախորհրդարանում ինչպե՞ս են դրսեւորում Ձեր գործընկերները. մի անգամ իրենց աջակցել եք քվեարկության ժամանակ:

-Մենք ոչ թե աջակցել ենք, ես հակառակը կասեի. այն ժամանակ Ուկրաինայի պատգամավորները ստորագրել են բանաձեւի նախագիծը, որտեղ պարզ նշված է, որ Ադրբեջանը կոռուպցիայի ձեւով, ծախսելով 24 միլիոն դոլար, ԵԽԽՎ-ում կաշառում էր զեկուցողներին: Այնտեղ, եթե չեմ սխալվում, Ուկրաինայից ստորագրել են:

-Մենք կոչ ենք անում ճանաչել Լեռնային Ղարաբախի անկախությունը: Դա պե՞տք է արդյոք սկսենք մեզանից՝ Հայաստանից: Ինչպե՞ս եք կարծում, պե՞տք է այս պահից սկսել ճանաչել  ԼՂՀ-ի անկախությունը:

-Ինձ թվում է այստեղ ռազմավարական չէ այդ մոտեցումը, այլ մարտավարական է: Նկատի ունեմ՝ Հայաստանը սկսի, թե այլ երկիր: Ավելի կարեւոր է, որ, օրինակ, Ֆրանսիայի 173 պատգամավորներ, քաղաքապետեր, հայտնի  գործիչներ մի հայտարարության տակ են ստորագրել, որտեղ, բացի նրանից, որ մեղադրում են Թուրքիային եւ Ադրբեջանին ագրեսիայի համար, վերջում նրանք նշում են հետեւյալ արտահայտությունը, որ եթե ագրեսիան շարունակվի, եւ այս գործընթացը չբերի խաղաղությանը, ապա Ֆրանսիան պետք է մտածի դուրս գալու չեզոքության իր կարգավիճակից, որը բխում է Մինսկի խմբի համանախագահ լինելուց, եւ ճանաչի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ամբողջ լեգիտիմությունը: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա նշանկում է, ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՊԵՏՔ Է ՎՃՌԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՆԵՆ

Այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը, կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն եւ վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Տեղի է ունեցել հետեւյալը՝ Ադրբեջանը սկսել է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ եւ անմիջական մասնակցությամբ: Թուրքիան նաեւ Սիրիայից վարձկաններ եւ ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա՝ այս պահին, Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ եւ առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի եւ ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դատապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական հարձակումը»,- վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Փաշինյանը:

 

 

ԿՊԱՀՊԱՆԵՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջեւ իրավահարաբերությունները: Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերում: Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են: Պատգամավորը հավելել է, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ» ձայներով:

 

 

ԹԻՎ ՄԵԿ ՀԱՐՑԸ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա միջազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: «Ադրբեջանաթուրքական ահաբեկչական այս հարձակումից հետո աշխարհը պետք է ի վերջո սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ այս պատերազմի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային հանրության, Հայաստանի մի շարք գործընկերների շրջանում էապես փոխվել են:




Լրահոս