ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի հոգի է կողմ եւ դեմ քվեարկել թուրքական ապրանքների ներկրումն արգելող նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հավաքել է 99 կողմ եւ 1 դեմ ձայն: Նախագիծը դիտվել է 4854 անգամ (դիտումների թիվն ավելանում է):

Նշենք, որ այս նախագիծը բավականին լայն քննարկում ունեցավ. այն ընդունվեց քաղաքացիների կողմից, բայց շատերի դժգոհության պատճառը սահմանված վեց ամիս ժամկետն է: Ըստ ՀՀ կառավարության ժամկետը կարող է երկարաձգվել:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագիծը էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել հոկտեմբերի 16-ին: Օրինակ, նախագծի՝ առաջարկների բաժնում քաղաքացիներից մեկը՝ Մարիա Ասմանգուլյանը կարծիք է հայտնել, որ չափազանց ուշացած է այս որոշումը եւ այն ընդունման պահից պետք է գործի անժամկետ: Իսկ ահա Լիլիթ Սարգսյանն առաջարկել է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայից ՀՀ ներմուծվում են ոչ միայն ապրանքներ, այլեւ զբոսաշրջային ծառայություններ: Ապա՝ խնդրել է վերանայել որոշման նախագիծը եւ դրանում ներառել նաեւ ծառայությունների ներմուծումն արգելող դրույթ։

Նախագծին կողմ քվեարկած քաղաքացիներից Արտակ Պողոսյանն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին երկամսյա ժամկետում առեւտրատնտեսական կապեր հաստատել Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի, Լեհաստանի եւ Աֆրիկայի հետ, սահմանափակվող ապրանքների եւ արտադրանքների ներմուծման հնարավորությունն ապահովելու նպատակով: Բացի այս, նույն քաղաքացին քաղաքացիական կոմիտեի նախագահին առաջարկել է աշխատանքներ իրականացնել Հայաստանի եւ Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Վիետնամի, Լեհաստանի եւ Աֆրիկայի հետ կանոնավոր ավիափոխադրումների ապահովման նպատակով: Իր հերթին մեկ այլ քաղաքացի՝ Գարիկ Եգանյան անունով, պահանջել է հրապարակել ներկրման այընտրանքային երկրների հետազոտությունների արդյունքները: ՙԺողովուրդ՚ օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ-ն եւս առաջարկ է ներկայացրել: Առաջարկել է հետագա ջանքերն ուղղել Եվրասիական տնտեսական միության երկրները թուրքական ծագման ապրանքներից ազատելուն՝ շեշտը դնելով տեղական արտադրողների հզորությունների ավելացման վրա:

Մեկ այլ քաղաքացի՝ Արսեն Իգիթյանը, էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել է կարեւոր խնդրի վրա. ՙՏարբեր տարածաշրջաններում վաճառվող գլոբալ բրենդային ապրանքատեսակները կարող են արտադրված լինել տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, անկախ այն հանգամանքից, որ արտադրող ընկերությունը Թուրքիայի հետ առնչություն չունի։
Արսեն Իգիթյանի խոսքով, պետք է օրինագծով որոշակի մեխանիզմ ապահովվի նշված ապրանքները սպառողներին հասանելի պահելու համար։ Հակառակ դեպքում, նախատեսվող օրենքն էլ ավելի կաղճատի Հայաստանի շուկայի բազմազանությունը, բացասաբար կանդրադառնա սպառողների իրավունքների վրա, կհանգեցնի սպառողական ճգնաժամի ու Հայաստանի սպառողին կզրկի միջազգային շուկայում հայտնի ապրանքներից։

Օրինակ, ZARA ընկերության արտադրված հագուստի հերթական խմբաքանակի մեջ, հագուստի մի մասը կարող է արտադրված լինել Հնդկաստանում, մի մասը՝ Բանգլադեշում, Պակիստանում, Չինաստանում, Վիետնամում, իսկ մի մասն էլ՝ Թուրքիայում։ Հաշվի առնելով սա, հստակ չէ, թե ինչպես է ազդելու այսպիսի արտադրանքների խմբաքանակների վրա ներկայացված կառավարության որոշումը, եւ ինչպիսի մեթոդներով է որոշվելու ապրանքի ծագման երկիրը՚,- կարծիք է հայտնել Արսեն Իգիթյանը։ Նա առաջարկել է նախագիծը խմբագրել այնպես, որ այն արտացոլի ժամանակակից աշխարհի արդյունաբերության մեջ օգտագործվող գլոբալ մատակարարման շղթաների եւ աութսորսինգի տրամաբանությունը։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս