Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռակա բանավեճն արդեն վերածվել է իրական հեռավար հակամարտության: Թեման Էրդողանի իսլամիստական ձգտումներն են եւ Մակրոնի դրանց դեմ պայքարելու եւ դատապարտելու վճռականությունը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պատերազմի դեռ առաջին օրերին ի լուր աշխարհի հայտնեց՝ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: Այս հայտարարությանը եղավ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, Մակրոնն առավել ծավալուն եւ մեղադրական ելույթ ունեցավ՝ դատապարտելով Թուրքիային ու բացատրություններ պահանջելով իր տարածքով սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հետ կապված:
Թեպետ Թուրքիայի առաջնորդի հասցեին համանման կարծիքներ ու մեղադրանքներ են հնչում ամբողջ աշխարհից, սակայն Էրդողանը հատկապես վիրավորվել է Մակրոնի խոսքերից եւ վերջին օրերին հրապարակային է խոսում այդ մասին եւ անգամ խորհուրդ տալիս Ֆրանսիայի նախագահին «բուժել ուղեղն» ու անցնել հոգեբույժի մոտ խորհրդատվության:
Օրերս, օրինակ, Էրդողանը, գերազանցելով իր իսկ մտքի թռիչքը, հայտարարեց. «Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան եւ կարծում է, թե այդ զենքով կարող է խաղաղություն հաստատել»:
Հերթական անգամ մեղադրելով ամբողջ աշխարհին եւ պաշտպանելով իր եղբայր Ալիեւին՝ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է խոսում իր մասին, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել դիմել հոգեբույժի:
Ավելի վաղ էլ Էրդողանը եւս մեկ տարօրինակ հայտարարություն էր արել. նա պահանջում է ներառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ կարծում է՝ եթե Ռուսաստանն ու Ֆրանսիան իրավունք ունեն լինել խմբի անդամ, ապա Թուրքիան եւս վաստակել է այդ իրավունքը:
Նախքան այս ամենը Մակրոնը մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում իսլամական անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ՝ ասելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծ կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից եւ խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման նկատմամբ»:
Այս ելույթն, իհարկե, դուր չէր եկել Էրդողանին, թեպետ այն արվել էր ֆրանսիական Կոնֆլան Սենտ-Օնորիոնում ահաբեկչությունից հետո, երբ իսլամիստների գործողությունների հետեւանքով ֆրանսիացի ուսուցիչ էր սպանվել:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի նման հայտարարությունները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նույնպես նախապես դատապարտել էր Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին: Նա հաստատել էր, որ Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին ՝ խորհրդակցությունների համար:
Այս ամենը, սակայն, Էրդողանին այնքան էլ չի հուզում: Շաբաթ օրը՝ Մալաթիա քաղաքում իր ելույթի ժամանակ, նա ասել էր. «Այն տղան, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, արթնանում եւ քնում է Էրդողանի մասին մտքերով: Թող ինքն իրեն նայի: Նա իսկապես փորձության է ենթարկվում»:
Երեկ Europe 1 ռադիոկայանը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնեց, որ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներմուծումը: Նախօրեին չսպասելով լուրի պաշտոնական հաստատմանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց: Թուրքիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է «պաշտպանի Ֆրանսիայում մահմեդականներին, որոնք հետապնդվում են իրենց հավատքի համար եւ հարձակման ենթարկվում Ֆրանսիայի առաջնորդի կողմից»:
Մինչ Էրդողանն ամբողջ աշխարհի իր մահմեդական եղբայրներին կոչ էր անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները, պարզվեց՝ Ֆրանսիան չի էլ պատրաստվում բոյկոտել թուրքական ապրանքները. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առեւտրի եւ գրավչության նախարար Ֆրենկ Ռիստերը:
Այս ֆոնին, իհարկե, Թուրքիայի նախագահը տպավորում է իր աշխարհաքաղաքական խաղերի ծավալով, որը նա խաղում է՝ միաժամանակ արհամարելով մյուս մասնակից պետությունների հիմնարար շահերը, ցանկացած պահի պատրաստակամություն ունենալով ոչ միայն սպառնալ ռազմական մեթոդներին դիմելով, այլեւ իրականում դա անելով՝ Սիրիա, Լիբիա, հույների հետ լարվածություն, ՆԱՏՕ-ի հետ մարտեր (S-400-ների պատճառով), այժմ էլ՝ Լեռնային Ղարաբաղ:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԻ ՀՍՏԱԿԵՑՆԻ
Ես չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը կլավացնի կամ կհստակեցնի իրավիճակը. ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ամերիկացի քաղաքագետ Ստեֆան Էբերտը՝ խոսելով ԱՄՆ-ի աջակցությամբ արդեն երրորդ հրադադարի մասին, որն Ադրբեջանի կողմից այդպես էլ չի պահպանվում: «Այդ հարցերն առաջնային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղացողների եւ կոնֆլիկտին ներգրավված կողմերի համար, նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնությանը եւ Թուրքիային: Իսկ Թրամփը ոչինչ կարեւոր երբեք չի ասում: Նա ոչինչ չի իմանում եւ երբեք չի լսում իր խորհրդատուներին: Իմ կարծիքով՝ վերջին օրերին նրա ավելի ակտիվ լինելը պայմանավորված է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի քայլերով, որը, ի տարբերություն Թրամփի, ավելի լավ է պատկերացնում իրավիճակը: Ես հույս ունեմ, որ առաջիկա հանդիպմանն առաջ կգա խաղաղապահների հարցը: Ես այս պահին եւս որեւէ այլ հնարավորություն չեմ տեսնում, քան կրակի դադարեցումն է»,-նշեց նա: Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի մասին որոշում է կայացվում, սակայն Ադրբեջանը չի հետեւում դրան: Մոսկվայի եւ Փարիզի միջնորդություններից հետո այս անգամ էլ այն կայացվեց ԱՄՆ աջակցությամբ, սակայն կրկին ապարդյուն:
ՄԻՊ-Ը ՀԱՆԴԻՊԵԼ Է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ, որի կազմում են եղել գործող եւ նախկին պատգամավորներ, լրագրողներ։ ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների եւ ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքների դեմ։ Նա նշել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված եւ 2 վիրավոր, ինչպես նաեւ առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 39 սպանված եւ 120 վիրավոր: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային վերաբերմունքը եւ հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով խոսքերը հավաստող կոնկրետ ապացույցներ։ Արման Թաթոյանն անդրադարձել է նաեւ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների թիրախավորմանն Արցախում՝ ադրբեջանական կողմի այս գործելաոճը որակելով որպես հանցանք խոսքի ազատության դեմ եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ` Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:
ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ 2 ՇԱԲԱԹՈՎ
Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը եւ ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը եւս երկու շաբաթով մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ՝ բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձեւաչափով եւ ուսումնական տարին կավարտեն, ինչպես նախատեսված էր, հունիսի 4-ին։
11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։
Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձեւաչափով անցկացնելու հնարավորությունը։ Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը եւ կանոնները, իսկ միջին եւ ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։
Այն բնակավայրերում եւ համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաեւ միջին եւ ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը եւ կանոնները։ Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը եւ կանոնները։
Մինչեւ նոյեմբերի 12-ը չեն գործի նաեւ նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական եւ մարզադպրոցները։
Ուսումնարանները, քոլեջները եւ բուհերը կշարունակեն գործել հեռավար եւ առցանց ուսուցման ձեւաչափով։
ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ
Կարեւորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում 2020թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաեւ կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման գործընթացը։