Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1.5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն տրամադրելու որոշում են կայացրել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը:
«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին դրդել են լքել իրենց տները և մեծ տառապանք են բերել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 1.5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի նրանց, ում առավել մեծ չափով է վնասել այս հակամարտությունը»,- նշել է նախարարությունը:
Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և դարձյալ սկսել բանակցությունները:
«Նորվեգիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որոնք ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- նշել է նախարարը: