Ինչո՞ւ է այս օրերին խոսվում դավաճաններից ու դասալիքներից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։

Արայիկ Հարությունյանը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց, որով ազդարարեց՝ պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու եւ, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում, մանավանդ՝ պատերազմների ժամանակ, եղել են եւ կլինեն դավաճաններ, դասալիքներ, զինվորի հացը գողացողներ, առիթից օգտվող սրիկաներ, ինչը նորություն չէ։ Ավելին՝ վստահաբար, ադրբեջանական զինված ուժերում էլ դրանք քիչ չեն, գուցե ավելի շատ են։

Բայց, չգիտես ինչու, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ազգի ներկայացուցիչների վարքագծի տարբեր դրվագներ աշխարհին ի ցույց չի դնում, չի հանրայնացնում։ Մինչդեռ մերոնք որոշել են հենց այս հարցում բաց ու թափանցիկ գտնվել՝ խոսել դավաճաններից, դասալիքներից, սրիկաներից։ Իսկ այ մեզ՝ լրագրողներիս եւ հանրային դեմքերին, արգելված է իրենց քննադատելը, այստեղ նույնքան բաց ու դեմոկրատ չեն։ Թվում էր՝ պետք է հակառակը լիներ՝ իրենք զուսպ լինեին իրենց հայտարարությունների մեջ, իսկ հասարակությանը թույլ տային ազատ արտահայտվել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս