Թուրքիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրադ Ույսալը պաշտոնանկ է արվել: Նրա փոխարեն նշանակվել է երկրի նախագահի աշխատակազմի ֆինանսական ռազմավարության և բյուջետավորման վարչության ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Նաջի Աղբալը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացնում է վկայակոչելով Թուրքիայի «Պաշտոնական թերթ»-ի (Resmi Gazete) հրապարակումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը վերլուծաբանները կապում են երկրի ազգային արժույթի ռեկորդային անկման հետ: Միևնույն ժամանակ, քաղաքական ու վերլուծական շրջանակները սեղմ ժամկետում իրավիճակի շտկման որևէ հնարավորություն չեն տեսնում:
Մուրադ Ույսալը Կենտրոնական բանկի երկրորդ նախագահն է, ում պաշտոնանկ է արել նախագահ Էրդողանը: Նրա նախորդին՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մուրադ Չեթինքայային, նախագահ Էրդողանը հեռացրել էր պաշտոնից բանկային տոկոսադրույքի իջեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով: Կենտրոնական բանկի վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու Էրդողանի քայլերը, միջազգային վերլուծական կենտրոնների գնահատմամբ, խախտել են ֆինանսատնտեսական հավասարակշռությունը ու հանգեցրել ներկա իրավիճակին:
Նոյեմբերի 6-ին FITCH վարկանիշային գործակալությունը հայտարարել էր, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերն անբավարար են։ Գործակալության՝ Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը չեն կարող բավարար լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու համար։
«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն:
Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 7-ի դրությամբ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։