Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։