ՄԵԶ ՎՐԱ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ՁԵՐ՝ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է նոյեմբերի 3-ին Երեւանի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «թաղման արարողություն» իրականացրած կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանի հետ: Նշենք, որ այդ օրը քաղաքացիները խորհրդանշական թաղում էին կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ էին բերել ու տեղադրել շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված էր. «Հայ հասարակությունից՝ ՄԱԿ-ի հիշատակին»: Ակցիայի մասնակիցները խունկ էին ծխել, հնչել էր սգո երաժշտություն: Ծաղկեպսակի եւ դագաղի վրա ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի լուսանկարն էր:

 

Մենք փորձել ենք ակցիայի գլխավոր կազմակերպիչ Արմինե Մելքոնյանից պարզել, թե որն էր այդ ակցիայի իմաստը, ինչ տվեց այն, ու արդյոք այդ ամենը իր վատ ազդեցությունը չի ունեցել Հայաստանի վարկանիշի վրա, քանի որ ակցիայի հետ կապված քննադատություններ հնչեցին: Նշվում էր, որ պետք չէր նման ծայրահեղ քայլի դիմել:

-Տիկի՛ն Մելքոնյան, առաջնագիծ էիք մեկնել, հանդիպել եք զինվորների հետ, խոսել, զրուցել, տեսել եք, թե ինչ է տեղի ունենում առաջնագծում։ Առաջնագծում ի՞նչ տրամադրություն է տիրում, ի՞նչ տեսաք այնտեղ։

-Գնացել էինք առանջագիծ հումանիտար օգնություն հասցնելու նպատակով, բայց հենց գնացինք, իրենց սրբատեղիում երկու զինվոր մոմ էին վառում, եւ պարզվեց, որ հենց այդ պահին պետք է բարձրանային իրենց դիրքերը։ Ամեն դիրք բարձրացող զինվոր իր մոմն էր վառում։ Նույնիսկ այնտեղ խաչքարեր կային, որոնց վրայի փորագրված զինյալներից նրանք ուժ էին ստանում եւ համոզվում, որ հաղթելու են։ Այն, որ տրամադրությունը բացարձակ հաղթական էր, միանշանակ է։  Որոշակի երկմտանք կար միայն այն առումով, որ մեզ մոտ անընդհատ, ինչպես մի քանի օր առաջ էլ Արցախի Հանրապետության նախագահը շեշտեց՝ ասելով, որ շատ չեմ թույլ տալիս՝ հարձակվեն, որպեսզի զոհերը քիչ լինեն։ Բայց հայերի մեջ այնքան է եռում  հաղթելու ցանկությունը, որ օր առաջ ուզում են իրենք հարձակվեն ու մի բան ավել ցույց տան թշնամուն, որ հայը երբեւէ ծնկի չի գալու։

-Զինվորների, կամավորների հետ կապված ի՞նչ իրավիճակ ունենք։ Տեսնում ենք, որ կամավորների ակտիվ կամավորագրում կա, նրանք գնում են առաջնագիծ, ուզում են մասնակցել պատերազմի։ Տեղեկություններ կան, որ մենք խնդիր ունենք մարդկանց, ներուժի։ Դուք նման իրավիճակ տեսա՞ք։

-Բացարձակապես չկար։ Երբ մենք գնացինք, նախ, ասեմ, որ շատ զարմացա, երբ այնտեղ պաշտոնյաների հանդիպեցի, որոնք գնացել էին շարքային զինվորի հետ միասին կռվելու։  Մենք շարքային զինվորներ չտեսանք, մենք հանդիպեցինք հենց կամավորների հետ, որոնք պատրաստվում էին բարձրանալ դիրքեր՝ փոխարինելու իրենց ընկերներին։ Բայց մարդուժի պակաս հաստատ չկար։ Չասեմ որտեղ, բայց փաստեմ, որ զենքի պակաս էլ չկար։

-Կա՞ր ինչ-որ խնդիր, որ Դուք նկատեցիք։

-Կար, այո, տաք հագուստի խնդիրն էր, որ գրեթե բոլոր տեղերում կար։

-Ներկայացրե՞լ եք Պաշտպանության նախարարությանը։

-Դեռ չեմ ներկայացրել, բայց պատրաստվում էի գրել, չնայած հիմնականում մենք որոշակի տեղերում փորձում ենք կառավարությանը կից օգնել մեր պետությանը, քանի որ, հասկանալի է, այս օրերին պետության ուսերին բավականին շատ ծանրացած խնդիրներ կան, եւ կարելի է անհատներն էլ օգնեն։ Որոշեցինք ընկերներով եւս մեկ անգամ անել նման քայլ։

-Իսկ այն ամենը, ինչը հավաքվում է այստեղ՝ թիկունքում, հասնո՞ւմ է  առաջնագիծ։

-Այո, արկղերով դրված էին չոր սնունդ, քաղցրավենիք եւ ամեն ինչ։ Մեր գնալու պահը համընկավ նաեւ հացի մեքենայի գալու հետ, որ իր հետ բերել էր ոչ միայն հաց, այլ նաեւ թթվասեր եւ կաթնաշոռ։

-Դուք շատ ակտիվ բողոքի ակցիաներ եք կազմակերպում Երեւանում, փորձում եք միջազգային կառույցներին ներկայացնել, թե ինչ է կատարվում Արցախում։ Վերջին Ձեր ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էր, որտեղ դագաղ էիք տարել։ Սա ինչ-որ չափով քննադատվեց, միանշանակ չընդունվեց։ Ինչո՞ւ որոշեցիք վերջին Ձեր քայլում նման ակցիա իրականացնել։

-Միջազգային ատյանների լռությունը թեւաթափ է անում։ Ինչո՞ւ կազմակերպեցինք թաղումը. որովհետեւ նախորդ օրը, երբ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էինք գնացել, որպեսզի բարձրաձայնեինք այն խնդիրը, որ մեզ վրա կրակում են հենց ձեր՝ ՄԱԿ-ի կոնվենցիաներով արգելված քիմիական զենքով, նույնիսկ ինչ-որ մեկը դուրս չեկավ մեզ դիմավորելու։ Փոխարենը ինչ-որ մարդիկ ներսից նկարում էին մեզ՝ հավանաբար հետո իրենց ղեկավարությանը ցույց տալու։ Անվտանգության աշխատակցին ասացինք, որ որեւէ մեկին կանչեք, որ գա, մեր հարցերին պատասխան տա. վերջինս մեկ-երկու զանգ կատարելուց հետո նշեց,  որ բոլորը կորոնավիրուսով վարակված են, եւ միայն երկու հավաքարար կա ներսում, այնինչ դա ոչ մի գրամ իրականությանը չէր համապատասխանում։ Երբ իջեցրինք դրոշը, հաջորդ քայլը որ մտածեցինք, որ եթե այսօր այդ կառույցը մեզ համար մեռած է, պետք է վաղը կազմակերպենք հուղարկավորությունը։ Որոշակի քննադատության հանդիպեցինք։ Ուրեմն այսպես. գրել են կոնվենցիաներ, կետեր, որոնցով, օրինակ, ժամանակին Ազգերի լիգան իրեն սպառեց, ճիշտ է, թաղում չկազմակերպեցին, բայց մեռավ այդ կազմակերպությունը։ Հիմա ՄԱԿ-ը հետեւում է իր նախորդ կազմակերպությանը եւ սպառել է իրեն։ Ուղղակի մենք չենք ուզում տեսնենք։ Մենք դագաղի տեսքով ՄԱԿ-ի գրասենյակ տարանք  նրանց կոնվենցիաները, տարանք այն օրենքները, որոնցով, իբր, պետք է մեզ պաշտպանեին, տարանք մեր տղաների կտրած գլուխների համար տրվող հարյուր դոլարների նկատմամբ իրենց լռությունը, տարանք  քիմիական զենքի արգելված նրանց օրենքները, դիակների նկատմամբ խոշտանգումը

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ՝ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսեւորել, արտաքին ուժերի միջամտություն թույլ չտալ եւ գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում շաբաթվա ընթացքում իրադրությունը շարունակել է լարված մնալ, կողմերի մարտական բախումների ամբողջ շփման գծում նկատվել են փոխադարձ գնդակոծություններ, թիրախավորվել են նաեւ քաղաքացիական օբյեկտները։ Մենք կողմերին կոչ ենք անում դրսեւորել ծայրահեղ զսպվածություն, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն։ Անհրաժեշտ է գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է Զախարովան։

 

 

ԱԳՐԵՍԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքով՝ Փարիզի եւ Անկարայի միջեւ արդեն մի քանի տարի է, ինչ լուրջ տարաձայնություններ են առկա, եւ ֆրանսիական իշխանությունները այս առթիվ Թուրքիայից հստակ պարզաբանումներ են պահանջում. այս մասին Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է  «Եվրոպա 1» ռադիոկայանին տված հարցազրույցում։  «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում Եվրոպայի անմիջական հարեւանությամբ, մասնավորաբար՝ Լիբիայում, Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, Լեռնային Ղարաբաղում եւ անգամ Իրաքի հյուսիսում։ Այժմ նաեւ նոր մի գործոն է ի հայտ եկել։ Վերջին օրերին փոխվել է նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիայի եւ Եվրոպայի հասցեին հնչող հայտարարությունների տոնայնությունը։ Կանոնավոր կերպով Էրդողանի կողմից ատելության եւ բռնության ոգով լեցուն հայտարարություններ են հնչում, որոնց թիրախում նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է, – հայտարարել է Ժան-Իվ Լը Դրիանը՝ նշելով: – Փարիզը պահանջում է, որպեսզի Թուրքիան հրաժարվի նման պահվածքից»։

 

 

ԿԱՊԻ ՄԵՋ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ այլ հարցերի շուրջ: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: «Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք եւ աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին եւ հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական եւ վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- ասել է նա։ Փոխնախարարի խոսքով՝ այս օրերին կան բազմաթիվ եվրոպական քաղաքներ, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, ինչը շատ կարեւոր քայլ է այս համատեքստում հետագա զարգացումներն ապահովելու համար: «Պետություններում տեղական ինքնակառավարման մակարդակով են ճանաչում Արցախի անկախությունը: Մենք համարում ենք սա շատ կարեւոր քայլ` ապահովելու հետագա զարգացումները: Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար»,- նշել է նա։

 

 




Լրահոս