Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազնավուր» հիմնադրամը:
Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին հրադադարի հաստատումից հետո:
Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցել են հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամ (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի); «Ազնավուր» հիմնադրամ (ի դեմս Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիա (ի դեմս Միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկաեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը և Ստեֆան Հասբանյանը:
Երկրի ղեկավարը այս առիթով վերահաստատել է Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- շեշտել է Մակրոնը: Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, Մակրոնը նաև հայտարարել է Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը զարգացնելու մասին:
Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարևորել են Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և իր նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առհավատչյա: Նրանք նշել են նաև Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապության մասին, ինչպես նաև կարևորել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ճգնաժամերի հաղթահարման և աջակցության կենտրոնի հետ միասին կազմավորվել է աշխատանքային խումբ` սատարելու Հայաստանին աջակցող բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությունները:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի հետ, հայտարարում են արտակարգ հանձնախմբի ստեղծման մասին, որը կզբաղվի Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական և բժշկական օգնության համակարգման հարցերով: Միավորումը պատրաստ է համագործակցել բոլոր այն բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը, որ բախվել է բազմաթիվ հրատապ կարիքների:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել ՀԲԸՄ Ֆրանսիա հետևյալ էլեկտրոնային հասցեով ՝ [email protected]: