ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուր են կորել Նիկոլ Փաշինյանի իջևանցի մտերիմները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում պատերազմի պարտությունից հետո հանրության մեջ քիչ են երեւում, պասիվացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմները, ովքեր  Փաշինյանի կամքով  քաղաքական կամ համայնքային  պաշտոններ են ստացել։  Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի, ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նախկինում բավական ակտիվ էր,  հովանավորների ֆինանսավորմամբ Տավուշի մարզի  Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներում  կառուցապատման, բարեկարգման  ծրագրեր է իրականացրել, Դիլիջան  համայնքի Հաղարծին գյուղում կոյուղագիծ է փոխել  եւ  այդ մասին տեղեկատվությունը զետեղել Ֆեյսբուքի իր էջում։

Սակայն պատերազմի ընթացքում եւ հատկապես վերջին շրջանում Սիփան Փաշինյանը խիստ նվազեցրել է սոցիալական ցանցերում  իր  գրառումների թիվը։ Նոյեմբերի 1-ին Սիփան Փաշինյանն իր էջում տեղադրել  է  երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Արցախին նվիրված նոր երգի կատարումը։  Սակայն Փաշինյանի էջի այցելուների մի մասը  դժգոհություն  է հայտնել այդ գրառման տակ:  Հաջորդ եւ առայժմ  վերջին գրառումը, որը Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքում կատարել  է, եղել է  նոյեմբերի 18-ին եւ դա եղել է Նիկոլ  Փաշինյանի ուղերձը հայրենակիցներին։  Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր,  ԱԺ  «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր, Իջեւան քաղաքի բնակիչ  Վահե Ղալումյանը  ևս պասիվացել է, թեեւ նախկինում ակտիվ էր համացանցում։ Նա Ֆեյսբուքի իր էջում  վերջին գրառումը կատարել է նոյեմբերի 19-ին՝ տեղադրելով սիրողական որակի, հեռախոսով նկարված մի տեսանյութ, որտեղ 80 տարեկան մի տղամարդ իջեւանցու բարբառով կոչ էր անում սատարել Նիկոլ Փաշինյանին, ասպարեզից հեռացնել կեղտոտներին, չքանդել Նիկոլ Փաշինյանի ոտքի տակը։

Վահե Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը նախկինում ակտիվ  գործունեություն  էր ծավալում Իջեւան  քաղաքի փողոցների ասֆալտապատման, բարեկարգման  ուղղությամբ եւ այդ մասին  տեղեկատվությունը մշտապես  զետեղվում էր  Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական  կայքում։

Համայնքապետարանի  ինտերնետային կայքում վաղուց նոր նյութեր չեն տեղադրվում, վերջին գրառումը  կատարվել է  ավելի քան մեկ ամիս առաջ՝ ՝ հոկտեմբերի 22-ին։  Այդ  տեղեկատվության մեջ   քաղաքապետի պաշտոնակատարը  հայտնել է, որ ստեղծվում  է հայրենիքի պաշտպանության համար «Իջեւան » կամավորական ջոկատ, որին առաջինն ինքն է անդամագրվել, կոչ է արել  համախմբվել, միանալ ջոկատին, մեկնել առաջնագիծ, համոզմունք հայտնելով, որ հաղթանակը մերն է լինելու։  Ի դեպ, այդ ջոկատն այդպես էլ  Արցախի առաջնագիծ  չի մեկնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ոսկան Սարգսյան

 




Լրահոս