Քարվաճառն այսօր կհանձնվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որը նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքով այսօր պետք է հանձվի ադրբեջանական կողմին:

Երեկ հայկական զորքերի շարասյունը դուրս է եկել Քարվաճառից, վերջին անգամ լուսանկարվել ու հրաժեշտ տվել: Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի տասի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչեւ նոյեմբերի 25-ը:

Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրել են իրենց տները: Իսկ Քարվաճառի եւ Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները: Քարվաճառում զինադադարի օրերին թալան եւ անտառահատումներ էին տեղի ունենում:

Առաջին անգամ հնարավոր եղավ տասը օրով հետաձգել Քարվաճառի հանձնումը հակառակորդին: Այն ժամանակ ադրբեջանական կողմը հայտնեց, թե պաշտոնական Երեւանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին 10 օրով մինչեւ նոյեմբերի 25-ը Քարվաճառի հանձնումը հետաձգելու համար, եւ ադրբեջանական կողմը ընդառաջել է:

Այս պահին, սակայն, մենք տեղեկացանք, որ նման դիմում հայկական կողմից դեռեւս առկա չէ, ինչը ենթադրում է, որ այսօր Քարվաճառն ամեն դեպքում կհանձնվի ադրբեջանական կողմին: Երեկ թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ արցախյան կողմը խուսափում էին խոսել Քարվաճառի շուրջ հնարավոր զարգացումներից:

Առավել մանրամասն՝  այսօրվա համարում։




Լրահոս