ՖՐԱՆՍԻԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԼՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մինսկի խմբին պետք է որոշակի դեր հատկացվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման գործում։

 

Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի համաձայնագրի իրականացումը պետք է տեղի ունենա միջազգային դիտորդության ներքո։

Ամերիկայի ձայնի աղբյուրը Ֆրանսիայի նախագահականում նշել է, որ Փարիզը պնդում է, որ միջազգային դիտորդություն սահմանվի, որ ապահովի փախստականների վերադարձն ու օտարերկրացի, հատկապես Սիրիայից կռվողների վերադարձը իրենց երկիր, ինչպես նաեւ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։

«Մենք հասկանում ենք, որ ռուսական կողմը թուրքական կողմի հետ բանակցություններ է վարում հնարավոր բանաձեւի շուրջ, որը մենք չենք ուզում»,- ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան։

Հանրապետության նախագահի եւ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայի եւ Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների եւ աջակցության կենտրոնի կողմից ղեկավարվող կոմիտեի շրջանակներում համակարգվող սույն միջոցառումը մոբիլիզացնում է պետությանը, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաներին, «Coordination Sud»-ի շրջանակներում համախմբված մարդասիրական կազմակերպություններին, բիզնես հիմնադրամներին եւ հիվանդանոցներին: Այն հիմնված է երեք առանցքների վրա.

1/ վերջին շաբաթների ընթացքում իրականացված առաջին արտակարգ գործողություններին հաջորդիվ, որոնց արդյունքում վիրաբույժներ եւ բժշկավիրաբուժական սարքավորումներ էին ոըղարկվում Հայաստան, կազմակերպվում են բազմաթիվ մարդասիրական չվերթներ: Եվրոպայի եւ Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր [կիրակի] կեսօրին ժամանել է Երեւան: Այն Երեւան է փոխադրում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ստանձնած միջոցներ` շտապ բուժօգնության սարքավորումներ, մասնավորապես՝ շարժական բուժկետ, որը հնարավորություն է ընձեռում սպասարկելու 500 անձի, ինչպես նաեւ ծածկոցներ եւ հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին:

Երկրորդ ինքնաթիռն արդեն իսկ նախատեսված է նոյեմբերի 27-ին, որի բեռը կհամախմբի պետական ռեսուրսներ, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես՝ «Ազնավուր» հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների եւ բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ:

2/ Ի շարունակություն հոկտեմբեր ամսից միմյանց հաջորդած բժշկական առաքելությունների՝ աշխատանքի երկրորդ առանցքը վերաբերում է երկու երկրների բուժհաստատությունների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Վերջինս կդյուրացնի Եվրոպայի եւ Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Ֆրանսիայում արդեն իսկ մոբիլիզացված են Փարիզի եւ Մարսելի հիվանդանոցներն ու Լիոնի հոսպիտալները:

3/ Երրորդ առանցքը նպատակ ունի աջակցել մարդասիրական կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղում գործող այս կառույցներին:

Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից որոշներն արդեն իսկ ակտիվորեն աջակցում են Հայաստանում իրականացվող նախագծերին, հրավիրվել են իրենց ներդրումն ունենալու այս համակարգի երեք առանցքներում:

Գործարկված մարդասիրական օգնության սույն համակարգն արձագանքում է վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակին:

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ մնում է նաեւ լիովին մոբիլիզացված սույն հակամարտության տեւական լուծմանը հանգելու համար»:

Ն.Հ.

 

 

 

«ԻՄ ՔԱՅԼԸ»-ԻՑ ԴՈՒՐՍ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ իմքայլական Իզաբելա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Իզաբելլա Սարգսյանը, սակայն, կշարունակի ավագանու իր լիազորությունները: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԲԱԼԱՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Գաբրիել Բալայանը ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 29-ից:

 

 

ՈՒՂՂՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ

Երեւանի քաղաքապետարանը որոշել է ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամն ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Այդ 100 մլն դրամը կվերաբաշխվի Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ: Գումարը հատկացվելու է Ստեփանակերտի թիրախավորման հետեւանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը փոխքաղաքապետին հարցրել է, թե Արցախի Հանրապետությանն արվելու են արդյոք այլ հատկացումներ եւս, ինչին ստացել է դրական պատասխան: «Մենք ունենք ՀՈԱԿ-ներ, որոնք ստեղծվել են դեռ անցյալ տարի, եւ որոնց հատկացրել ենք խոշոր չափի գումարներ, սակայն դրանք իրենց գործունեությամբ չեն արդարացրել իրենց: Առաջարկում եմ այդ ՀՈԱԿ-ներին տրամադրված գումարների որոշակի մասը վերցնել եւ հատկացնել Ստեփանակերտին, որպեսզի հնարավոր լինի շոշափելի աշխատանքներ կատարել»,-ասել է Մանրիկյանը:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

67 տարեկանում մահացել է ՀՀ պետական եւ ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին եւ հարազատներին:

 

 

 

813 ԴԵՊՔ

Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ը` առողջացած, 2002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած եւ 26 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարձկանների եւ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական եւ արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության եւ արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին նման ձեւաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

 




Լրահոս