ՏՊԱՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հաղթական խաղի արդյունքում գրանցել է տպավորիչ ցուցանիշ: 35-ամյա Ռոնալդուն 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստն է, որը 400 հաղթանակ է տանում Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: «Ջենոայի» դեմ հանդիպումը Ռոնալդուի համար 100-րդն էր «Յուվենտուսի» կազմում: Նա դարձել էր դուբլի հեղինակ՝ 2 գոլերն էլ խփելով 11 մետրանոցից:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Հոլանդիայի հավաքականի ու Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կուինսի Պրոմեսը ձերբակալվել է հայրենիքում: 28-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է իր բարեկամներից մեկին դանակի հարված հասցնելու մեջ: Ըստ նախնական տյալների՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսին՝ ընտանեկան երեկույթի ժամանակ: Նշվում է, որ Պրոմեսը վիճել է ընտանիքի անդամներից մեկի հետ, որին հասցրել է դանակի հարված: Տուժողը պատռվածք է ստացել ծնկի հատվածում: Նա ոստիկանություն է դիմել մեկ ամիս առաջ, ինչից հետո սկսվել է հետաքննություն: Պրոմեսին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում: Ֆուտբոլիստի փաստաբան Մանոն Ալմեոսը նշել է, որ նա չի ընդունում մեղադրանքը: Փաստաբանի խոսքով՝ Պրոմեսը նույնիսկ դեպքի վայրում չի եղել:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիեգու Ժոտան վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1.5 ամիս: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Վնասվածքն ավելի բարդ է, քան մենք կանխատեսում էինք սկզբում, սակայն ավելի լուրջ չէ, քան մենք սպասում էինք ավելի ուշ: Բժիշկները հետազոտել են նրա ծունկը եւ ասել, որ վիրահատության անհրաժեշտություն չկա: Ստույգ ժամկետ չեմ կարող նշել, բայց նա բաց կթողնի 1.5-2 ամիս»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Դիեգու Ժոտան վնասվածք էր ստացել դանիական «Միտյուլանդի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում (1:1): Այս մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 17 հանդիպում եւ դարձել 9 գոլի հեղինակ:

 

 




Լրահոս