Երգիչ Վրեժ Կիրակոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ծննդյան տարեդարձի, Ամանորը դիմավորելու, 2021 թվականից սպասելիքների եւ երկրի ներկա իրավիճակի մասին։
-Վրե՛ժ, ինչպե՞ս նշեցիք ձեր տարեդարձը եւ ո՞ւմ հետ։
– Տարեդարձս նշել եմ իմ հայրական տանը՝ Ստեփանավանում։ Առաջին անգամն է, որ տարեդարձս նշել եմ ներընտանեկան միջավարում՝ մորս, կնոջս եւ երկու որդիներիս հետ, առանց շքեղ խնջույքի, առանց ընկերների եւ բարեկամների։ Անկեղծ ասած, ինչ-որ անհասկանալի զգացողություն էր, քանի որ ես ինքս ակտիվ մարդ եմ եւ ավելի շատ նախընտրում եմ ակտիվ միջավայրը, բայց այս տարի էլ այսպես եղավ։
֊Ինչպե՞ս կբնութագրեք 2020 թվականը, ինչպիսի տարի էր այն ձեզ համար։
-2020 թվականն ամբողջ աշխարհի համար կարծում եմ՝ դաժանություններով եւ փորձություններով, աշխարհին նոր մարտահրավերներով լեցուն տարի էր։ Նախորդ տարին մենք ՝ հայերս, ապրել ենք դարի ցեղասպանություն։ Բայց անկախ դժվարություններից մեր ընտանիքում մի լուսավոր հրաշք տեղի ունեցավ, քույրս որդի ունեցավ, հենց իմ սիրելի երգչուհի եւ ուսուցչուհի՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17-ին։ Ինձ համար նախորդ տարվա միակ լուսավոր կետը դա էր։
֊Վրեժ իսկ ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին։ Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից։
-Նոր տարին դիմավորել եմ, ինչպես միշտ, հայրական տանը՝ Կաթնաղբյուրում։ Ավանդույթ է դարձել արդեն. բոլորս հավաքվում ենք գյուղի մեր տանը եւ միասին դիմավորում Ամանորը եւ Սուրբ ծնունդը։ Այս տարի դիմավորել ենք առանց տոնական զարդարանքների, առանց ամանորյա նվերների եւ եղեւնու։ Իսկ Ձմեռ պապիկից խնդրել եմ խաղաղություն, առողջություն, բարօրություն լինի երկրիս համար, եւ ոչ մեկը մեզանից անժամանակ չհեռանա, որովհետեւ ամեն բան կարելի է վերականգնել , վերադարձնել՝ բացի մարդկային կորստից։
֊Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք 2021 թվականից, ի՞նչ հույսեր եք կապում այս տարվա հետ։
-Ես կարծում եմ սպասելիք յուրաքանչյուրս մենք մեզանից պետք է ունենանք, ոչ մեկ մեզ համար հրաշքներ չի իրագործելու, եւ այսօր արժեքները գլխի վայր փոխվել են. հիմա այլ արժեքներ գոյություն ունեն բոլորիս համար։ Կցանկանամ այս տարի նոր ընկերներ ձեռք բերել, բայց որոնք դավաճաններ չեն լինի։ Այս տարի թող լինի սիրո, միմյանց կարեկցելու, իրար կողքի կանգնելու տարի։
Ուզում եմ, որ 2021 թվականը բոլոր դավաճաններին սրբի տանի։ Այս տարի ընտանիքում համալրում չենք պլանավորել, երեւի թե դա կլինի այս տարվա վերջում։ Մենք կնոջս հետ պայմանավորվածություն ունենք, որ չորս երեխա ենք ունենալու, իսկ այժմ դեռ երկուսն ունենք։
-Վրե՛ժ, օրերս ներկայացրիք նոր տեսահոլովակ, իսկ առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք։ Ստեղծագործական ակտիվ տարի է սպասվում, թե՞․․․
-Ստեղծագործական կյանքում շատ պլաններ ունեմ, քանի որ աշխատանքային նոր հարաբերություններ են ձեւավորվում Մշակույթի պետական քոլեջում, լինելու է նոր տնօրենի մրցույթ, եւ ես բոլորին ասել եմ, որ ամենեւին նպատակ չունեմ չմասնակցելու կամ չփորձելու իմ հնարավորությունները, եւ կարծում եմ՝ ամեն ինչ կգնահատվի։ Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին, ապա արդեն ներկայացրել եմ իմ ուսանողների հետ նոր տեսահոլովակ Արսեն Սաֆարյանի «Պարոնայք սպաներ» երգի հիման վրա, որը բավականին լավ արձագանք ստացավ հանրության կողմից։ Փետրվար ամսին սպասվում է նոր տեսահոլովակ եւս։ Շուտով կսկսենք պատրաստվել նաեւ «Սլավյանսկի բազար» մրցույթին մասնակցելու համար, եւ եթե սահմանները բացվեն կմասնակցենք նաեւ այլ միջազգային մրցույթեերի եւ երաժշտական երեկոների։ Հույսով եմ՝ ամեն բան լավ կլինի։
-Վերջին ժամանակներում պանդեմիայով եւ երկրի անկանոն իրավիճակով պայմանավորված շոուբիզնեսից շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Դուք մտածե՞լ եք այդ մասին։
-Շատ ցավոտ հարց է, եւ մեր տանը վերջին շրջանում նույնպես նման խոսակցություններ հաճախ են լինում։ Մենք մի պահ որոշել էինք հեռանալ երկրից, բայց չգտես՝ ինչու հիմա վախենում ենք դրա մասին խոսել, դեռ հստակ չենք որոշել, բայց դեռ խուսափում ենք։ Ես վերջին 10 տարվա ընթացքում դրսում ապրելու շատ հնարավորություններ եմ ունեցել, բայց չեմ գնացել նման քայլի։ Հայրենիքս ինձ համար թանքկ է։
֊Իսկ ինչպիսի՞ ապագա եք տեսնում մեր երկրի համար։
-Այս պահին ինձ համար ամեն բան մշուշոտ է եւ անհասկանալի, քանի որ մենք իհարկե ապագա ունենք, մենք հզոր ենք, մենք ունենք շատ մեծ պոտենցյալ, չնայած, որ մի փոքր կետ են ամբողջ աշխարհում։ Մեզ պետք է մոբիլիզացվել, քանի որ մեզ դեռ բազում մարտահրավերներ են դեռ սպասում, որոնք նպատակ ունեն մեր ազգային արժեքները ոչնչացնել։ Եթե մենք չպահպանեք մեր մշակույթը, լեզուն եւ կրոնը, եւ եթե շուտափույթ կերպով միջոցներ չձեռնարկենք, ապա կկորցնենք մեր ազգային ինքնությունը։ Ցավով եմ փաստում, բայց իրավիճակն այսօր այսպիսին է։
Մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս մեր գործը լավ անելով կռվել մեր տեղում։ Ինձ համար մեր երկրի ապագան վերածնունդն է, որն ամենամեծ փրկությունը կլին, դարի ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր կես բուռ ժողովրդի գոյի պահպանման համար։ Մենք մի ամբողջ սերունդ ենք կորցրել, որի արժեքը դեռ չենք էլ գիտակցում։ Ես Աստծուց խնդրում եմ, որ մեզ ուժ տա չկորչել այս ամենի մեջ եւ նորից ոտքի կանգնել։
֊Վրեժ, հետեւում ե՞ք երկրում տեղի ունեցող ներքաղաքական խժդժություններին։ Ի՞նչ տպավորություն ունեք։ Ի՞նչ լուծումներ եք դուք տեսնում։
-Իհարկե հետեւում եմ, եւ ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է: Միակ ճանապարհը կարծում եմ քաղաքական կոնսենսուս ձեւավորելն է, որը հրատապ եւ օրհասական է մեր ազգի համար։ Այսօր առաջնայինը պետք է լինի միայն երկրի շահերը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Եւ դա պետք է տեղի ունենա շատ արագ եւ անցնցում։ Ստեղծված իրավիճակում միակ ելքը՝ կոնսենսուսն է: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը միասին պետք է ձեւավորեն քաղաքական կոնսենսուս, որի շրջանակներում ներքաղաքական երկրաշարժը կարգավորեն, առաջ շարժվեն եւ սկսեն վերազինել երկիրը։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը