Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երեւանցիների համար։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է։ ArmLur.am-ը տեւական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից՝ նոր վերելակները կամ չեն աշխատում կամ էլ՝ դադարներով են աշխատում։
Շարուրի 24/2 շենքի չորրորդ մուտքի փոքրիկ բնակիչներ 12-ամյա Անգելինան եւ 9-ամյա Կատրինն այլ տարբերակ են մտածել իրենց բնակարան հասնելու համար։ Աղջիկներն օգտվում են 10-հարկանի շենքի տանիքից․
Նշենք, որ անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված վերելակների մատակարարման մրցույթի հաղթող էր դարձել «Մոգիլյովլիֆտմաշ» բելառուսական ձեռնարկությունը։ Անցյալ տարվա պայմանագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երեւան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վերելակ, որոնց հիմնական մասը տեղադրվել է քաղաքի բազմաբնակարան շենքերում։ Հին վերելակները նորով փոխարինելու գործընթացին Երեւանի քաղաքապետն անդրադարձել է նաեւ իր 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվության մեջ։
Ըստ քաղաքապետարանի՝ 2020-ին փոխարինվել է 500 վերելակ, ծրագիրը շարունակվելու է նաեւ ընթացիկ տարում։ Բայց ArmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ քաղաքապետարանը նոր վերելակները շահագործող մանագետներ չունի։
Բացի այս, Շարուրի 24/2 հասցեի բնակիչները մեկ այլ խնդրի մասին եւս բարձրաձայնեցին․ հին վերելակի պահեստամասերը մոտ մեկ ամիս է, ինչ բակում թափված են։
Իհարկե ողջունելի է, որ 28 տարի անց Մարությանը ձեռնարկել է հին վերելակները նորով փոխարինելու գործընթացը, բայց ճիշտ կլինի հետեւողական լինել։ Հուսանք՝ այս տեսանյութից հետո գոնե քաղաքապետարանից կբարեհաճեն գալ, նորոգել նոր վերելակը, նաեւ՝ հավաքել իրենց իսկ թափած աղբը։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան