ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՑ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ քննարկում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադեւոսյանի ընտրության հարցը։ Նշենք, որ 42-ամյա Թադեւոսյանը 2018 թվականից զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Նրա թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) անցած տարվա հոկտեմբերին։ Քվեարկության արդյունքներով՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու էր ընտրվել դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը:

 

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն անցած սեպտեմբերին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Իր ելույթում Թադեւոսյանը խոսել է դատական իշխանության անկախությունից՝ շեշտելով՝ առանց դատարանների եւ դատավորների անկախության խոսք չի կարող լինել արդարադատության մասին։ «Անկախությունը, ինքնուրույնությունը դատական իշխանության անօտարելի հատկանիշներն են, որին պետք է նպաստեն իշխանության բոլոր թեւերն ու հասարակության բոլոր շերտերը, ինչը բխում է իրավունքի գերակայության եւ այն անձանց շահերից, որոնք օգտվում են արդարադատությունից եւ ակնկալում են ստանալ այնպիսի վերջնական լուծումներ, որոնք ամփոփված կլինեն արդարադատության բովանդակված դատական ակտերում», – ասել է նա:

«Շատ լավ, գեղեցիկ եք ներկայացնում, ճիշտ խուսանավում եք անձնական կարծիք հայտնելուց որեւէ գործով: Ես այդ ամենը հասկանում եմ, բայց, օրինակ, «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել» արտահայտությանը Ձեր դիրքորոշում հայտնելն ի՞նչ կողմնակալ կերպով կարող է դիտարկվել, երբ այդ հայտարարությունը հակաիրավական է, հակասահմանադրական է եւ ավելին՝ քրեորեն պատժելի է»,- Լ. Թադեւոսյանի  թեկնածության հարցը քննարկելու ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով թեկնածուին:

Լիլիթ Թադեւոսյանը խնդրել է կոնկրետացնել հարցը, թե ինչին է կոնկրետ դա վերաբերում, եւ նշել. «Դուք ինձանից ակնկալում եք կոնկրետ պատասխան կոնկրետ գործով: Այո, ես կաշկանդված եմ դատավորի վարքագծի կանոններով, որոնք, ի դեպ, օրենսդիր մարմինն է ընդունել եւ սահմանել: Ես հակված չեմ քաղաքական գործի հայտարարությունը մեկնաբանելու եւ Ձեր հարցը դիտարկում եմ կոնկրետ գործի շրջանակում: Իմ կարծիքը, դիրքորոշումն այս կամ այն իրավական հարցի վերաբերյալ այն դատական ակտն է, որը ես կայացնում եմ»,-ասել է նա:

Շարունակելով Քրիստինե Պողոսյանն ասել է, որ եթե հիմա հայտարարի, որ պատրաստվում է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից եւ պատրաստվում է հակասահմանադրական ճանապարհով զավթել իշխանությունը, կստացվեր՝ իր արած քայլին է խնդրում գնահատական, բայց ինքը ընդհանուր հարց է տալիս: Լիլիթ Թադեւոսյանը նշել է, որ այդ հարցերի պատասխանը Քրեական օրենսգրքում կարելի է գտնել։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր հարցով՝ խնդրելով իրավական գնահատական տալ  եւ ասել, թե ինչ դիրքորոշում ունի պետության դեմ հանցագործությունների, բռնության կոչերի դեպքում, երբ կարող է մեկը հայտարարել, որ իշխանությունը պետք է փոխվի, եւ սահմանադրական ճանապարհ չկա:

Լիլիթ Թադեւոսյանը եւս ձեռնպահ է մնացել դիրքորոշում հայտնելուց՝ ասելով, որ ծանոթ չէ գործին: Նա նկատեց, որ, անկախ ընտրության արդյունքներից, ինքը շարունակելու է որպես անդամ գործունեությունը եւ կոչ արել հարցեր հնչեցնելուց դա հաշվի առնել: Արարատ Միրզոյանն էլ հույս է հայտնել, որ երբ կառերեսվի նման իրավիճակի, կաշկանդված չի լինի որեւէ գնահատական տալուց:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՄԱՆԿԱՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻՑ

2021թ. փետրվարի 7-ին «Մասիս» բկ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 տարեկան տղա երեխա: Անմիջապես բժշկական կենտրոն եւ երեխայի բնակության վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ եւ քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետեւանքով: Տվյալներ են ձեռք բերվել, որ երեխայի մարմնական վնասվածքները, հնարավոր է, պատճառվել են նրա ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր եւ խորթ տատի կողմից:

Նախնական տվյալներով՝ վերջիններս 2021թ. հունվարից սկսած՝ պարբերաբար հարվածներ են հասցրել փոքրիկի մարմնի տարբեր մասերին, իսկ 2021թ. փետրվարի 6-ին երեխայի խորթ հայրը չքնելու, անդադար լաց լինելու պատճառով ծեծի է ենթարկել նրան՝ հարվածներ հասցրել դեմքի եւ գլխի շրջանում, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ փետրվարի 7-ին նրա մոտ նկատել են թուլություն, որից հետո նա մահացել է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ որոշում է կայացվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու, մեկ վարույթում քննելու եւ նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ: Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը եւ 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են` խմբով երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԿՃԱՆԱՉԵ՞Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձեւը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բանաձեւին պատգամավորների լայն աջակցությունը ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Բանաձեւի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։ FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։

 

 

 

ԾՆՈՂՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐ Է ՇՈՐԹԵԼ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության փախանցմամբ՝ անհետ կորած զինծառայողի ծնողից խաբեությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Ա. Հ.-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին, վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձնավորություն՝ հայտնելով, թե, իբր, նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս՝ նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Միաժամանակ, Ս. Խ.-ի տեղափոխման առաջին փուլը կազմակերպելու, այն է՝ Բաքու քաղաքից երկրորդ երկիր տեղափոխելու պատրվակով Ա. Հ.-ն վերջինիս հորից պահանջել է խոշոր չափերի՝ 521, 130 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար: Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ.-ն 2021 թվականի փետրվարի 5-ին Երեւան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակային հատվածում Հ. Խ.-ից խարդախությամբ հափշտակել է նշված 1000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով հարուցված քրեական գործով Ա.Հ.-ն ձերբակալվել է, եւ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ՝ Ա. Հ.-ն կալանավորվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Ա.Հ.-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին:

ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ գործարքների մեջ մտնելուն՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրների:

 




Լրահոս