Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:
Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019թ.-ի երկրորդ կեսին «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ «105 ռոյալ» նախագծի իրականացման հարցում աջակցելու խնդրանքով: Հաշվի առնելով նախագծի համահայկական բնույթը՝ ԱԳՆ-ն համաձայնություն էր տվել իր իրավասությունների շրջանակներում աջակցելու նախագծի իրագործմանը:
Այդ համատեքստում 2019թ.-ի վերջին ամիսներին և 2020թ. սկզբում ԱԳՆ-ի և հիմնադրամի միջև ծավալվել է համագործակցություն՝ տարբեր երկրների հայկական համայնքներում նախագծի վերաբերյալ իրազեկման շուրջ: Սակայն, 2020թ. ընթացքում, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ, համագործակցությունը ժամանակավորապես կասեցվել էր, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի և հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համագործակցությունն ընդհանրապես դադարեցվել է, ինչի մասին տեղեկացվել է նաև «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը:
Իրաքի, Ռումինիայի և Իսպանիայի հայ համայնքների ջանքերով նախապատերազմյան շրջանում հիմնադրամին է փոխանցվել 3 ռոյալի համար անհրաժեշտ գումար՝ 12000 ԱՄՆ դոլար։ ԱԳՆ և «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի շրջանակում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու փոխանցված միջոցների տնօրինման վերաբերյալ: