«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գլխավոր շտաբի ղեկավարության եւ, ընդհանրապես, Զինված ուժերի հայտարարությունը համարում եմ շատ ճիշտ եւ տեղին»,-  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ Արամոն՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի ղեկավարության հայտարարությանը:

 

«Սա ամենահզոր քայլերից մեկն էր, որ կարող էին անել: Ես այդ 40 գեներալներին ողջունում եմ: Բանակը ժողովրդի հետ է, ժողովուրդն էլ՝ բանակի, եւ ես, բնականաբար, կանգնելու եմ մեր բանակի կողքին այնքան ժամանակ, ինչքան որ ապրում եմ: 1990-ականներին էլ եմ եղել բանակի կողքին, հիմա էլ եմ, համերգային ծրագրով միշտ շրջագայել ենք, զինվորների կողքին ենք եղել, նույնը նաեւ Ապրիլյանի ժամանակ ենք արել: Ես հավատարիմ եմ իմ տեսակին, եւ իմ գաղափարախոսության մեջ ոչինչ չի փոխվել, ես մնում եմ իմ ժողովրդի, իմ բանակի կողքին: Շատ բաներ ես հիմա չեմ հրապարակում պատերազմի առաջնագծից, իմ ընկերների՝ Դավիթ Ամալյանի, Հրաչի, Կարո Շահբազյանի հետ, որ թիկունքից միշտ աջակցել ենք մեր բանակին, ժողովրդին»,- նշեց մեր զրուցակիցը:

Արամոյի խոսքով՝ նա զարմանում, թե ինչ երեսով է Նիկոլ Փաշինայնն այսօր դուրս գալիս փողոց, մարդկանց հանրահավաքի, երթի կանչում:

Հարցին, թե արդյոք երկբեւեռված ժողովուրդը բախումների չի գնա, եւ քաղաքացիական պատերազմի վտանգ չի տեսնում նա, մեր զրուցակիցն ընդգծում է. «Ես ոչինչ ասել չեմ կարող, չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կստանա այս ամենը: Կարծում եմ, որ առճակատում պետք է որ տեղի չունենա քաղաքացիների միջեւ: Ինչպես ասում են, ջուրը կամաց-կամաց է սկսում եռալ: Տա Աստված, որ ընդհարումներ տեղի չունենան ժողովրդի միջեւ: Իսկ կապիտուլյացիա ստորագրած իշխանության ղեկավարն ի՞նչ պետք է ասի: Կապիտուլյացիայի տակ ստորագրեց, հիմա Զանգեզուրի հողերն են, հիմա էլ երեւի մի քայլ մնացել է՝ կապված Ադրբեջանի ամբողջական տարածքների լուծումների հետ: Ինչ ուզում են, սա ասում է՝ հարց չկա, տալիս է, պայմանագրեր են գալիս՝ Սյունիքի Դավիթ Բեկի հետ կապված, հիմա էլ ասում է՝ շահագործման է անցնելու Ամուլ սարը. դա չի կարող լինել, դա վտանգավոր է մեր ամբողջ ազգի համար»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը, որից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է ռազմական հեղաշրջման փորձ, եւ կոչ արեց աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Ի դեպ,  նշենք, որ ԳՇ բարձրաստիճան սպաների կազմից 4 պաշտոնյա չի միացել հայտարարությանը. նրանք են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱԿՏԻՎ ՇՐՋԱՆ

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ակտիվ շրջան է սկսվում: Մարտի 1-ից մանկական ներկայացումներին գումարվում են նաեւ երեկոյան ներկայացումները:

 

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում  նշել է, որ առայժմ նախատեսում են խաղալ 18 ներկայացում: Ցանկը ներառում է արդեն հանդիսատեսի կողմից սիրված ներկայացումներ, սպասվում են նաեւ պրեմիերաներ:

«Սկսում ենք մեր առաջնախաղերը: Մարտի 7-ին թատրոնը կունենա նոր պիեսի առաջնախաղ: Խոսքը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քեյս» ներկայացման մասին է, որի բեմադրիչը ես եմ: Պիեսը նոր է գրվել հատուկ թատրոնի համար: Մեզ համար սկզբունքորեն կարեւոր է, որ 2021 թվականին թատրոնն ավելի շատ խոսի դրականի, լավատեսության մասին: Եվ հենց մեր այս նոր գործը սիրո մասին է, հավատարմության, կյանքի հնարավորությունների, արժեքների գնահատման»,- ասաց  Լյուդվիգ Հարությունյանը: Այս ներկայացման մեջ հիմնականում զբաղված են երիտասարդները: Լյուդվիգ Հարությունյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր հանդիսատես իր կյանքի պատմությունից մի փոքրիկ մասնիկ կտեսնի: Ներկայացումը դիտելուց հետո շատերը կվերլուծեն ու կգնահատեն այն արժեքները,  ինչ ունեն, կփորձեն նորը գտնել՝ երբեք հինն արմատախիլ չանելով: Հանդիսատեսի արձագանքը շատ չուշացավ. մարտի 7-ին սպասվող առաջնախաղի տոմսերը գրեթե սպառված են:

Թատրոնում, ներկայացումներին զուգահեռ, նոր բեմադրական աշխատանքներ են ընթանում: Թատրոնի «Մհեր Մկրտչյան» բեմում աշխատանք է սկսվել, որի արդյունքում կրկին կլինի առաջնախաղ: Պիեսը կոչվում է «Քայլեր», որը բեմադրում է թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը: «Մհեր Մկրտչյան» երիտասարդական բեմում ծնվել են ներկայացումներ, որոնք շատ լավ ընթացք են ունեցել, մասնավորապես՝ «Անասնաֆերման», «Երկնագույն շան աչքերը» եւ այլն:

Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ շատ ոգեւորում է այն, որ հանդիսատեսն այսօր եւս ձգտում է գալ թատրոն: Ու դա ոչ միայն Գյումրիում է նկատվում, այլեւ մյուս քաղաքներում: Դահլիճները լեփ-լեցուն են, ինչը, ըստ թատրոնի տնօրենի, պարտավորեցնում է, որպեսզի ավելի ակտիվ աշխատեն ու նորություններ ներկայացնեն: Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց՝ թատրոնը ոչ միայն պետք է կրթի, այլեւ լավատեսություն հաղորդի հանդիսատեսին, փորձի ապրեցնել:

 

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանից» կրած տնային պարտությունը 1:2 հաշվով: «Սարսափելի սկսեցինք հանդիպումը եւ ոչինչ չէինք կարողանում անել «Միլանի» պրեսինգի դեմ: Մեկնարկային 20 րոպեներին լավ մտքեր չունեինք, թե ինչպես դիմակայել մրցակցին: Եվ դա առաջին անգամ չէ տեղի ունենում, երբ մենք հանդիպում ենք մրցակցի, որը թելադրում է իր պայմանները: Դա դժվար է բացատրել, բայց մեր վիճակագրությունը մեծ թիմերի դեմ այնքան էլ լավը չէ: Անիմաստ է հերքել, որ «Ռոման» ունի խնդիրներ»,-ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: «Միլանը» 52 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 4 միավոր։ «Ռոման» ունի 44 միավոր եւ 5-րդն է։

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» հետ գոլազուրկ ոչ-ոքին Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման վիճելի դրվագներից մեկին: Ըստ նորվեգացի մասնագետի՝ «Չելսիի» խաղացող Կալում Հոդսոն-Օդոյիի մասնակցությամբ դրվագից հետո դաշտի տերերի դարպասին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված: «Դա 100 տոկոսանոց 11-մետրանոց էր: Եթե դա ձեռքով խաղ չէր, ապա ես կույր եմ: Ցանկանում էինք հաղթել: Լավ էինք պրեսինգի դիմում, խաղում էինք ցանկությամբ ու ձգտումով: Դավիդ Դե Խեան հրաշալի սեյվ գրանցեց: Խնդիրներ ունեինք գնդակով աշխատանքի հետ կապված: Առաջին խաղակեսում շատ թույլ խաղ էր, սակայն հետո սկսեցինք աստիճանաբար ավելի լավ գործել: Ունեցանք մի քանի գոլային պահեր, սակայն դա բավականաչափ չէր»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ը:Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 12 միավոր։ «Չելսին» 5-րդն է՝ 44 միավոր։

 

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»: Այդ տեղեկությունը հաստատել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:«Էրիկ Գարսիան որդու պես է ինձ համար: Նախորդ մրցաշրջանում նա մեր լավագույն կենտրոնական պաշտպանն էր կորոնավիրուսից հետո: Սակայն նա պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Գարսիան թոփ խաղացող է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Իսպանական մամուլի համաձայն՝ ամռանը «Բարսելոնան» իր նախկին ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Սպասվում է, որ Իսպանիայի հավաքականի 20-ամյա խաղացողն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա կատալոնացիներին: Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» սան է: Նա 2017-ին է միացել «Մանչեսթեր Սիթիին»: Transfermarkt-ն իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

 




Լրահոս