Հայաստանում հացն ու ալյուրը թանկացել են: Այդ մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեն հացաբուլկեղենի շուկայում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ արձանագրել է 0.6 տոկոսի գնաճ: Իսկ ահա մեկ տարվա ընթացքում հացը թանկացել է 9 տոկոսով: Ալյուրի գինը եւս բարձրացել է. պաշտոնապես այս շուկայում գնաճը կազմել է 0.6 տոկոս: Ալյուրը մեկ տարվա ընթացքում թանկացել է 13.3 տոկոսով:
Թանկացումից անմասն չի մնացել մսամթերքի շուկան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մսի գինը բարձրացել է 0.4 տոկոսով: Իսկ կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում արձանագրված թանկացումը կազմել է 0.3 տոկոս: Միայն ձվի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 52.5 տոկոսով, իսկ մեկ ամսվա ընթացքում 1.4 տոկոսով:
Ուշագրավն այն է, որ շաքարավազի շուկայում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 40.6 տոկոսով, այն դեպքում, երբ ներկրողներն ավելացել են: Թվում էր թե ներկրողների թվի ավելացմանը զուգահեռ պետք է մրցակցություն լիներ եւ շաքարավազի գինը նվազեր: Սակայն ինչպես տեսնում եք շաքարավազը էժանանալու փոխարեն զգալի թանկացել է: Նկատենք, որ գնային թանկացումներ արձանագրվել են նաեւ սուրճի, թեյի եւ կակաոյի շուկայում: Մասնագետների խոսքերով, այս ապրանքատեսակների թանկացումը պայմանավորված է դոլարի, եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ:
Ս.Հ.