Արսեն Մկրտչյանին կրկին կառաջադրեն որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արսեն Մկրտչյանի չնտրվելը Վճռաբեկ դատարանի դատավոր դեռ ոչինչ չի նշանակում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրա թեկնածությունը կրկին կառաջադրեն ու կբերեն Ազգային ժողով: Ի դեպ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում կարծում են, որ Մկրտչյանը լինելու իշխանության աչքն ու ականջը Վճռաբեկ դատարանում, քանի որ մյուս դատավորները չեն ենթարկվում իշխանություններին: Սակայն մինչ դատավոր Արսեն Մկրտչյանը իշխանությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում, մեզ հասած լուրերի դատական համակարգում փորփրել են վերջինիս իրավաբանական կրթության հարցը եւ լուրջ բցահայտումներ են արել:

Մասնավորապես ՀՀ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկանածուների շուրջ քննարկումների ժամանակ մամուլով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ թեկնածուներից Արսեն Մկրտչյանը գաղտնի հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ճաշել նրա հետ և ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ:

Այդ տեղեկությունն առիթ հանդիսացավ ստուգելու Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները, ինչի հետևանքով բացահայտվեցին ցնցող հանգամանքներ:

Ըստ court.am կայքի տվյալների՝ Արսեն Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Նա 1991 թվականին ընդունվել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետ, որն ավարտել է 1996 թվականին:

2008 թվականին Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, 2014 թվականին ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2016 թվականին կրկին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ 2018 թվականին՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
Փաստորեն ստացվում է, որ զինված ուժերում ծառայելու ընթացքում Արսեն Մկրտչյանը միաժամանակ սովորել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում, մասնակցել դասընթացներին, հանձնել քննություններ, մինչդեռ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում ծառայության ընթացքում նա փաստացի չի սովորել «Գլաձոր» համալսարանում: Անհասկանալի է նաև Արսեն Մկրտչյանի ՀՀ զինված ուժերում ծառայության տևողությունը, որը կազմել է 1 տարի 6 ամիս:

Ըստ ստացված տվյալների՝ նշված հանգամանքը հայտնի է եղել թե՛ 2008 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանին նշանակելու, թե՛ 2016 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և թե՛ 2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ նշանակելու ժամանակ:

Ավելին, ստացված հավաստի տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման առարկա է դարձել Արսեն Մկրտչյանի՝ միաժամանակ զինվորական ծառայություն անցնելու և համալսարանում սովորելու հարցը: Պարզվել է, որ Արսեն Մկրտչյանը իրականում չի հաճախել դասընթացներին, նրա անունը բացակայել է ուսանողների հաշվառման հիմնական փաստաթղթերում, ունի ընդամենը միջազգային իրավունքի կրթություն: Նշված հանգամանքները, սակայն, ինչ-ինչ պատճառներով թաքցվել են:

Վերը նշված հանգամանքները հայտնի են եղել նաև 2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Վճռաբեկ դատարանի թեկնածուների ընտրության ժամանակ, մինչդեռ խորհրդի անդամների կողմից դրանք կրկին թաքցվել են:
Իսկ ամենակարևոր բացահայտումն այն է, որ Արսեն Մկրտչյանը դատավոր և դատարանի նախագահի պաշտոններում նշանակվել է՝ չունենալով օրենքով պահանջված բարձրագույն իրավաբանական կրթություն:

Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովում փաստացի քննարկվել է միջազգային իրավունքի մասնագիտություն ունեցող անձին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու հարցը՝ առանց պարզելու Արսեն Մկրտչյանի նշված պաշտոնին համապատասխանելու հարցը կամ դիտավորյալ թաքցնելով այդ հանգամանքը:

Միաժամանակ, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս պաշտոնավարող դատավորները բոլորն էլ ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, ավարտել են տարբեր ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետները՝ բացի Արսեն Մկրտչյանից:




Լրահոս