ՆՈՐ ՕՐԵՆՔԸ ՎԵՃԵՐԻ ԱՌԻԹ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Օրինագծով առաջարկում է բազմաբնակարանային շենքերի Ռենովացիայի (արդիականացման) նոր գաղափար։ Արդիականացման մեջ կարող են մտնել շենքի ջերմամեկուսացման, շենքի վրա արեւային պանելի տեղադրման, տանիքի վերանորոգման աշխատանքներ եւ այլն։

 

Փաստաբան Թաթուլ Խուդատյանի խոսքով՝ օրինագծի՝ այս տեսքով ընդունվելու դեպքում չարաշահման ռիսկեր կան, մասնավորապես՝ Ռենովացիայի հարցում, քանի որ օրինագիծը չի նախատեսում ռեմովացիոն աշխատանքների սպառիչ ցանկ, չափանիշներ եւ դրանց իրականացման ընթացակարգեր։ «Երկար տարիներ անընդհատ քննարկվում էր էներգոարդյունավետության բարձրացման միջոցառումները, ընդհանրապես շենքերի արդիականացման անհրաժեշտությունը, բայց որ շենքի բնակչության 100 տոկոսը կողմ չէր քվեարկում, աշխատանքներ հնարավոր չէր լինում կատարել։ Այդ քննարկումների արդյունքում շենքի արդիականացման համար քվեարկելու գաղափարն առաջ եկավ»,-նշել է նա։

Խուդատյանի խոսքերով՝ եթե արդիականացման գաղափարը ներմուծելու մտադրություն կա, ապա տրամաբանորեն պետք է աշխատանքների որոշակի սպառիչ ցանկ լինի, ծախսերի կատարման չափանիշներ լինեն։ Ինչ վերաբերում է շենքի բնակչության կամ բնակարանների սեփականատերերի 51 տոկոսի միջոցով արդիականացման աշխատանքները հաստատելուն, իրավաբանն այստեղ նույնպես խնդիր է տեսնում։

«Հնարավոր է առանց բոլոր սեփականատերերին պատշաճ ծանուցելու եւ նաեւ ժողով անելու ուղղակի 51 տոկոս սեփականատերերի ստորագրությամբ աշխատանքներ հաստատվեն, որը կարող է հետագայում վեճերի պատճառ դառնալ, այսինքն՝ սեփականատերերի որոշ մասն անտեսվի։  Չարաշահումներից, օրենքի սխալ մեկնաբանություններից խուսափելու եւ սեփականատերերի իրավունքները պատշաճ ապահովելու հստակ ընթացակարգ չկա», – ընդգծել է նա:

Շենքի բնակչության համաձայնություն ստացող անձը կարող է լինել նա, ով շահագրգռված է արդիականացման համար, օրինակ՝ բնակիչներից մեկը, իսկ դա, հնարավոր է, որ չբխի բոլոր սեփականատերերի շահերից, կամ անհրաժեշտ չլինի։ «51 տոկոս ստորագրություններով, հնարավոր է, որ հաստատվեն մեկ սեփականատիրոջ շահը սպասարկող աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս արդյունավետ չի ներդրվել համատիրությունների ինստիտուտը, սեփականատերերը իրազեկված չեն իրենց իրավունքների մասին, եւ չկա մշակույթ սեփականատերերի ժողովներ անցկացնելու մասով։ Առանց այդ մշակույթը ստեղծելու, զարգացնելու եւ համատիրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ռիսկային է Ռենովացիայի ներմուծումը նման ընդհանուր կարգավորումներով», – հավելել է մասնագետը:

Ըստ նրա՝ այստեղ առաջանում է երկու հիմնական խնդիր։ «Առաջինը՝ որ արդիականացումը չի բխում բոլորի շահերից կամ անհրաժեշտ չէ շենքին։ Եվ դա կարող է իրականացվել սեփականատիրոջ իրավունքների խախտմամբ։ Երկրորդը՝ որ սեփականատերն իր բաժնեմասին համապատասխան պետք է կրի այդ արդիականացման ծախսերը։ Կրկին նշենք, որ սեփականատերերը իրազեկված չեն ընդհանրապես օրենքի կարգավորումների եւ իրենց իրավունքների մասին։ Շատ վեճեր կառաջանան, եթե ֆինանսապես անապահով սեփականատերը շենքի այլ բնակիչներից ծանուցում ստանա, որ արդիականացում է եղել, եւ նա պարտավոր է հատուցել ծախսերը իր բաժնեմասին համապատասխան», – ասել է փաստաբանը։

Քաղաքաշինության կոմիտեն, ՀՀ կառավարությունը, ըստ Խուդատյանի, չեն սահմանել սպառիչ ցանկը, թե ինչն է մտնում արդիականացման մեջ, ինչպես նաեւ այն հստակ չափանիշները, թե ինչ մեթոդաբանությամբ են կատարվելու ծախսերը։

 

 

 

ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 9-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10 մ/վ: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում մարտի 8-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +8+10:

 

 

 

 

ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի, Մարտակերտ եւ Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Հացի, Մյուրիշեն, Գիշի, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Այգեստան եւ Խնածախ գյուղերի մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

 

 

 

337 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 016 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 753 705, վերջին մեկ օրում` 2465 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6008 պացիենտ. մեկ օրում ավելացել է 159-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 164 954 անձ, վերջին մեկ օրում՝ 170 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3225 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 829 է:

 

 

 

ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ՝ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ ԵՆ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ Արցախի հարավային թեւում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի եւ անբավարար տեսանելության պատճառով: Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան, որոնումները կշարունակվեն այսօր: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

 




Լրահոս