ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այգեշատում գազալցակայանի տիրոջ որդին դանակահարել է աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ժամը 15-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի կտրած-ծակած վերքով 26-ամյա մի երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին, որ տուժողը Այգեշատում էր վնասվածք ստացել։ Սակայն նրանից կատարվածի հանգամանքները պարզելն անհնար էր. ի վիճակի չէր բացատրություն տալու։

Բժշկի հետ զրուցելուց հետո իրավապահները մեկնեցին Այգեշատ։ Պարզվեց՝ դեպքը գյուղի բենզալցակայանում էր եղել։ Վնասվածք ստացողն այնտեղ էր աշխատում։ Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզ դարձավ նաև, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր բենզալցակայանի տիրոջ 32-ամյա որդին։

Կասկածվողը Երևանում էր բնակվում։
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին նա ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվեց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս