ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ` պարզելու համար, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերվում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Շարմազանովը հայտարարեց, որ ֆեյսբուքյան գրառումը չի կարող հիմք հանդիսանալ արտահերթ ընտրությունների, քանի որ ԿԸՀ-ն դեռեւս որեւէ բան չի հայտարարել ընտրությունների մասին:

 

-Պարո՛ն Շարմազանով, այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հունիսի 20-ին, արդյոք համարո՞ւմ եք հանգուցալուծում  ընդդիմության համար:

-Իհարկե, հանգուցալուծում չէ: Կապիտուլյանտի կողմից կազմակերպված ցանկացած քաղաքական գործընթաց, այդ թվում՝ ընտրությունները՝ լինեն հերթական, թե արտահերթ,  հանգուցալուծում լինել չեն կարող: Ըստ իս՝ հանգուցալուծումը մեկն է՝ նրա օր առաջ հրաժարականը: Եթե մարդկանց թվում է կամ կոնկրետ նույն այդ կապիտուլյանտին, որ ընտրություններ անցկացնելով, միգուցե որոշակի քվերներ ստանալով՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները մոռացնելու են, պրոբլեմները մոռացվելու կամ լուծվելու են, չարաչար սխալվում են: Կապիտուլյանտը քանի պետության կառավարման ղեկին է, ճգնաժամն ավելի է խորանալու: Ճգնաժամի լուծման մեկ ճշմարիտ տարբերակ կա. պարտված մարդը, որը մեղավոր է պարտության համար, որը 5000 զոհի պատճառ է, որը Արցախի 75 տոկոսի հանձնման պատճառ է, որը պատճառ է, որ հայ ժողովուրդը չի կարողանում հանգիստ Գորիսից մինչեւ Կապան գնալ, ստիպված է թուրք-ադրբեջանական խմբերին տեսնելով գնալ, մարդ, որը Շուռնուխի մի մասը տվել է, չի կարող տալ հանգուցալուծում:

Այդ որ ասում է՝ արտահերթ ընտրություններ, նման ֆեյսբուքյան գրառումով արտահերթ ընտրություններ չեն նշանակում: Որպեսզի հունիսի 20-ին լինեին արտահերթ ընտրություններ, ինքը պետք է ապրիլի 20-25 հրաժարական տա, բա էս ամիսուկեսն ի՞նչ են անելու: Մինչեւ ԿԸՀ-ն դե յուրե չնշանակի ընտրությունների օրը, ես վստահ չեմ, որ Ձեր նշած անձի գրառումը կարող է իրականություն դառնալ:

-Այիսնքն՝ Դուք չե՞ք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

-Ո՛չ, ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ որեւէ գործընթաց կարող է  օգուտ բերել Հայաստանին: 3 տարին ապացուցեց, որ նրա ղեկավարած Հայաստանը գլորվում է անդունդը: Մի մարդ, որն այս ամենի պատճառն է, ասում է՝ բերե՛ք ես կազմակերպեմ, ես անեմ: Ա՛յ ախպեր, դու պետք է հեռանաս: Պետության, կառավարության ղեկավարը նախ եւ առաջ խնդիրները լուծելու համար է: Այս մարդը պարտվել է պատերազմում, իր  անհեռանկարային եւ դավադիր քայլերի հետեւանքով մենք տվել ենք այդպիսի կորուստներ: Նա այսօր միջազգային հարաբերություններում զերո նշանակություն ունի:

-Պարո՛ն Շարմազանով, Դուք կարծում եք, որ Բաղրամյան փողոցում պետք է շարունակել պայքարը եւ չպատրաստվել ընտրությունների՞ն:

-Ես կարծում  եմ, որ պետք է պայքարել սրա իշխանության դեմ: Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների մասին, մենք կասենք, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք, բայց, կրկնում եմ, որ այս մարդու ղեկավարությամբ ցանկացած քաղաքական գործընթաց հանգուցալուծում չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԹԵ ՈՎ ՈՒՄ ՀԵՏ ԿՄԻԱՎՈՐՎԻ՝ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մտադրության մասին՝ որպես ամսաթիվ հայտարարելով հունիսի 20-ը: Այսպիսով, հայտարարությունից հետո ո՞ր ուժն ինչպես արձագանքեց Փաշինյանին, եւ ովքե՞ր կմասնակցեն այդ ընտրություններին:

 

Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ողջունել է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը եւ համարել է ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց,  ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Ավելին, մամուլում առկա լուրերի համաձայն՝ չի բացառվում, որ Արամ Սարգսյանը ընտրություններին մասնակցի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ դաշինքով:

Հայ ազգային կոնգրեսը դեռեւս չի որոշել՝ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ, քանի որ նրանց համար առանցքային նշանակություն ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Նման տեսակետ են հայտնել նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները՝ ասելով, թե ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները ապաքաղաքական ընտրություններ են լինելու, լինելու է բացառապես ռեսուրսների պայքար։

Արտահերթ ընտրությունների անցկացնելու մասին հայտարարությունից հետո վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին չի պատրաստվում մասնակցել: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, իսկ խորհրդարանական ԲՀԿ եւ ԼՀԿ-ն արդեն իսկ հայտարարել են, որ ընտրություններին գնալու են միայնակ եւ այս օրերին արդեն քննարկումներ են իրականացնում ցուցակների շուրջ: Դեռեւս անհայտ է մնում, թե ինչպես են խաղի մեջ մտնել արտախորհրդարանական ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀԿ-ն այս պահին հակված է ընտրությունների գնալու միայնակ եւ  այս պահի դրությամբ միակ հնարավոր միավորումը ՀՅԴ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ է։

Այսպիսով, առաջիկայում բուռն զարգացումներ կլինեն:

 

 

 

ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՈՐՈՇ Է

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է կոմունիկացիաների եւ էներգետիկայի ապաշրջափակում, սակայն կասկածի տակ է դրվում ատոմակայանի գոյությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Մասնավորապես, փորձարկվում է Հայաստան ներմուծվող ռուսական գազի մատակարարումը ադրբեջանականան ճանապարհներով, սակայն դրանք ցանկացած պահի կարող են փակվել։ Վերանորոգման աշխատանքների ժամանակ երեք շաբաթների ընթացքում Հայաստանը կշարունակի գազ ստանալ Վրաստանի տարածքով. հայտարարել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում: «Թե ինչպես է Ռուսաստանը գազը հասցնում Վրաստանին, հայ սպառողի համար առաջնահերթ խնդիր չէ»,- հավաստիացրել են նախարարությունում։  Խոսակցություններ կան նաեւ գազի թանկացման վերաբերյալ:

Կան ռիսկեր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետները չեն երկարաձգվի. հայտարարել է Հայկական ԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանը կցանկանար երկարաձգել ժամկետը եւս 5-10 տարով։ Հիշեցնենք, որ ԱԵԿ վերանորոգման եւ այլ աշխատանքներով զբաղվում է Ռուսաստանը։ Արդյոք Մոսկվան մտադիր է Հայաստանին զրկել ատոմային էներգետիկայից՝ Թուրքիայի ու Բաքվի ցանկություններին համապատասխան՝ դեռ վաղ է ասել, սակայն կարող են նոր զարգացումներ լինել։

 

 

 

ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

«Ես հիմա հասկանում եմ, որ արտախոհրդարանական ուժերը կրկին փորձ են կատարելու ինչ-որ ռեսուրսներ օգտագործել»,- նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Վստահեցնում եմ ձեզ, որ իրավապահ մարմինները կարող են եւ  կզբաղվեն այն գործունեությամբ, որ թույլ չեն տա փող բաժանելու ընդունված տրամաբանությունը եւ այն հնարքները, որոնք օգտագործվել են նախկին 20 տարվա ընթացքում»,- ասել է նա։ Այն հարցին՝ այս ուժերի հետ իշխանության պայքարի շանսերն ինչպես կգնահատի, Ալեն Սիմոնյանն ասել է, որ բարձր է գնահատում. «Որովհետեւ բոլոր ուժերն ընտրությունները կեղծիքով են անցկացրել, նույնիսկ իշխանություն լինելու պարագայում իրենք չեն կարողացել ընտրվել առանց կեղծիքներ անելու»։ Իսկ այն հարցին, թե արդյոք իշխանությունը հասցնելու է նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալ, ԱԺ փոխխոսնակն ասել է, որ քննարկումներ են գնում. «Կարծում եմ, որ այդ քննարկումների մեջ պետք է լինեն խորհրդարանական ընդդիմության մեր գործընկերները»։

 

 




Լրահոս