Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում տեղադրվել է ապրիլի 29-ին կայացրած ԱԴՈ-1590 որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առռնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Խոսքը վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր պաշտոնից ազատել արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին, նաև պաշտոնից ազատել ՍԴ նախագահին: Ինչպես հայտնի է, իրավաբանների մեծ մասը բարձրացնում էին այն հարցը, թե այս փոփոխությունները հակասահմանադրական են, իսկ խորհրդարանական ընդդիմադիրն ուժերն էլ 2020թ․ հունիսի 26-ին դիմում էին ներկայացրել ՍԴ:
Եվ ահա, Սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրված է, որ Սահմանադրական փոփոխությունները, որով ՍԴ 3 անդամի լիազորությունները համարվում է ավարտված, իսկ 4 անդամի պաշտոնավարման ժամկետը կրճատվել է, ՍԴ 7 անդամներից բացի, որևէ այլ անձի չեն վերաբերել և որևէ այլ անձի համար ուղղակի իրավական հետևանք չեն առաջացրել, արձանագրել է, որ կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն միջամտել և փոփոխել Սահմանադրության անփոփոխելի դրույթների և այն դրույթների բովանդակությունը, որոնք ենթակա են փոփոխության բացառապես հանրաքվեով:
Ըստ ՍԴ-ի՝ Սահմանադրության 2020թ․ փոփոխությունները համակարգային իմաստով հանգեցրել են ՍԴ-ում պաշտոնավարող բոլոր դատավորների հավասար ժամկետով ու կարգավիճակով պաշտոնավարելուն, որ այդ փոփոխություններով «ԱԺ-ն ամբողջությամբ սպառել է Սահմանադրական դատարանի մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված և պաշտոնավարող անդամների և նախագահի պաշտոնավարման ժամկետների նկատմամբ իր սահմանադրական լիազորությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետների կարգավորումը տեղափոխելով բացառապես Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսված առավել կայուն սահմանադրական իրավադրույթների գործողության տիրույթ, որոնք կարող են փոփոխվել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»:
Արդյունքում՝ ՍԴ-ն որոշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը, 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը, այլ կերպ ասած՝ իշխող ուժի գործողություններում ոչ մի հակասահմանադրական տարր չկա:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի 5 դատավոր՝ Վահե Գրիգորյանը, Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանն ու Արևիկ Պետրոյանը, այս որոշման վերաբերյալ ներկայացնելու են հատուկ կարծիքներ:
Ն.Հ.