Մենք այսօր պետք է լինենք միայն մեր զինվորների կողքին, օգնենք նրանց այն ամենով, ինչով կարող ենք, զինվորին այսօր ամեն ինչ էլ պետք է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանի սահմանին տիրող լարված իրավիճակին:
«Ես ինքս իմ ընկերների հետ կանգնած եմ մեր զինվորների կողքին, հաճախակի գնում ենք նրանց այցելության, փորձում ենք ամեն ինչ հասցնել: Զինվորի մեջ մարտական ոգին երբեք չի մեռնում, զինվորը միշտ մնում է զինվոր, եւ իր մեջքը պետք է պինդ պահել»,-նշեց դերասանը:
Հրանտ Թոխատյանի խոսքով՝ այս օրերին նա եղել է Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներում, անձամբ փորձել ոգեպնդել մեր տղաներին եւ նրանց կողքին կանգնել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանցի զինվորականներն առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում, տեղակայվել եւ դեռեւս հետ չեն գնացել:
Լիդա Եղիազարյան