«Չէին սպասում» հաղորդման հեղինակ, վարող Սուրեն Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է իր քաղաքականություն մտնելու, հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: Շահվերդյանը նշել է, թե ինչու է որոշել ընդգրկվել ՀԱԿ նախընտրական ցուցակում ու որն է լինելու առաջիկայում իր անելիքները:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երկրորդ համարը կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդ համարը Ինեսա Գաբայանն է: ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի որպես մեկ կուսակցություն։ Ցուցակը կազմված է 101 թեկնածուից։ ՀԱԿ-ի հաջորդ համարներն են Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը, Աննա Գեւորգյանը, Արման Մուսինյանը, Սամվել Աբրահամյանը, Կարինե Յարալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Տաթևիկ Զորյանը եւ Տիգրան Պասկեւիչյանը, Շահվերդյան Սուրենը, Մամյան Զարուհին, Հարությունյան Վարդանը, Խաչատրյան Արմենը, Ադամյան Եվան, Ավետիսյան Արամայիսը, Գրիգորյան Ռաֆայելը, Ղազարյան Մարգարիտան, Մարտիրոսյան Միքայելը, Թամազյան Սարգիսը, Հարությունյան Կարինեն, Մալխասյան Վարդանը, Բարեղամյան Արամը, Ավետիսյան Իրինան, Գրիգորյան Մուրադը, Գալստյան Տիգրանը, Մեխակյան Եպրաքսյան, Ավետիսյան Պերճը, Գալստյան Արտաշեսը, Թառլամազյան Լիլիկը, Հովհաննիսյան Վոլոդյան, Հովհաննիսյան Սեդրակը, Պետրոսյան Հասմիկը, Սաղաթելյան Արտակը, Հակոբյան Ալեքսանը, Առաքելյան Լուսինեն, Գրիգորյան Ավետիքը, Մանուկյան Աշոտը, Հովհաննիսյան Նարինեն, Ղուկասյան Արշավիրը, Վարդանյան Դավիթը, Յորդեկյան Սոֆյան, Կարաբեկյան Սամվելը, Անդրեասյան Բագրատը, Ղազարյան Նունեն, Խաչատրյան Տիգրանը, Գեւորգյան Գեւորգը:
-Պարո՛ն Շահվերդյան, Դուք որոշում եք կայացրել մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, ինչու՞ նման որոշում կայացրիք:
-Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը հասկանում է, որ երկիրը կանգնել է փակուղու առաջ եւ անելանելի վիճակում է, պետք է իր լուման ներդնի, որպեսզի իրավիճակը կայունացնի եւ որպեսզի միասին դուրս գանք այս կոլապսից:
-Ի՞նչ ակնկալիքով եք մասնակցում ընտրություններին, ինչու՞ ՀԱԿ նախընտրական ցուցակով:
-Ընտրել եմ Հայ ազգային կոնգրես, քանի որ սա հիմա միակ ուժն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Ես սա հենց այնպես չեմ ասում: Հիմնվում եմ այն դեպքով, երբ նմանատիպ իրավիճակ եղել է 30 տարի առաջ, եւ ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հաղթանակած դուրս է եկել նմանատիպ վիճակից: Դա է պատճառը, որ ՀԱԿ եմ ընտրել:
-Փաստորեն, որոշել եք քաղաքականությամբ զբաղվել, արդյոք թողնելու եք Ձեր հիմնական աշխատանքը ու կենտրոնանալու եք քաղաքական դաշտում գործունեություն իրականացնելու վրա՞:
-Սա երկրի փրկության հարց է, եւ ես կարծում եմ, որ անհետաձգելի հարց է: Այն պահից, երբ երկրում վիճակը հանդարտվի եւ կայունանա, հաջորդ օրն իսկ, ես կվերադառնամ իմ գործին եւ կզբաղվեմ արվեստով եւ թատրոնով:
-Դուք մասնակցելո՞ւ եք նախընտրական քարոզարշավին: Ինչպիսի քարոզչություն են իրականցնելու, գյուղ առ գյուղ, տուն առ տուն շրջելո՞ւ եք:
-Մասկցելու եմ քարոզարշավին, հնարավորինս աջակցելու եմ մեր թիմին, որպեսզի հաղթենք: Թե ինչպիսին է լինելու ձեւաչափը, մոտ ապագայում բոլորը կիմանան:
Սոնա Գրիգորյան