ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երկու երիտասարդներ, գումար վաստակելու նպատակով, 2020թ. նոյեմբեր ամսից «Տելեգրամ» կայքի օգտատերերից ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և փոխադրել թվով 5 առանձին փաթեթներում փաթեթավորված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.42 գրամ հաստատուն քաշով «A-PVP» տեսակի և թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված, խոշոր չափերով՝ 23.86 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական խոշոր մանրացված զանգված հանդիսացող «Մարիխուանա» տեսակի
թմրամիջոցներ:
2021թ. հունվարի 29-ին երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանց անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել են վերոհիշյալ խմբաքանակի թմրամիջոցները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: