Հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, սակայն մեծ շուքով կոչումներ ստանալուց հետո ազատվում են պաշտոնից և մնում գործազուրկ։
ՀՀ սահմանադրության օրը մի շարք պաշտոնյաներ կոչում ստացան. Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վահե Ղազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում : Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Աբազյանին եւս շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Գեներալ մայորի կոչում են ստացել նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհյաննիսյանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը:
Գործընթացից անմասն չմնացին դատախազության պաշտոնյաները. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչումներ է շնորհել նաև ՀՀ արդարադատության նախարարության մասնագետներին:
Մասնավորապես.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Նշենք, որ Արմեն Աֆանդյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Բուդաղյանների միջադեպի գործով դատախազն է եղել, ինչի արդյունքում էլ նախկին մարզպետը պատասխանատվության չենթարկվեց:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ի դեպ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սրբուհի Գալյանի ամուսինն ու սկեսրայրը սերտ կապերի մեջ են եղել նախկին իշխանությունների հետ: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկի համբավ է ունեցել:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ArmLur.am-ը գրել էր, որ Գևորգ Բաղդասարյանին գեներալի կոչում են տալու: Ի դեպ, նա էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է:
Իսկ թե ինչ ճակատագիր կսպասվի նոր կոչում ստացած պաշտոնյաներին, ցույց կտա ժամանակը: Հիշում եք, հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում
Առաջին մեկնարկը 2019 թվականին տվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին էլ՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նոր կոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ, ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկու օր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ:
Հաջորդ պաշտոնյան Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանն էր: Նրան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչում տրվեց հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Նոր կոչումից մեկ ամիս էլ չանցած՝ նրան պաշտոնանկ արեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:
2020 թվականի հոկտեմբերի 15-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց, սակայն 4 ամիս անց նրան ազատեցին պաշտոնից:
2020 թվականին հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին շնորհեց Ազգային հերոսի կոչում:
Իսկ, թե ինչ կսպասվի նոր կոչում ստացած պաշտոնյաներին սպասենք զարգացումներին:
Քնար Մանուկյան