Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։ Այս մասին Բարձրագույն դատական խորհրդում ասել է Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանը։ Նշենք, որ երեկ ընթանում էր դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը:
Ըստ փաստաբան Մելիքյանի՝ ԱՆ նախարարի միջնորդությունն անորոշ է. «Որոշակիության տեսանկյունից նա պարտավոր էր որոշակի իրադարձություններ վերլուծել՝ կապված տվյալ հրապարակման հետ, որպեսզի կարողանար օբյեկտիվ դիրքորոշում ձեւավորել, թե արդյոք Դավիթ Գրիգորյանը իր այդ կողմից արտահայտված ձեւակերպումները վերաբերելի էին Դանիբեկյանի վարույթում քննվող քրեական գործին, եւ, առհասարակ, արդյոք նա այլ դատավորի գործի քննությանը միջամտող որեւէ ձեւակերպումներ է արտահայտել»։
Գեորգի Մելիքյանի խոսքով՝ այն դիրքորոշումը, որն արտահայտել է դատավոր Գրիգորյանը, եղել է բացառապես տեսական վերլուծություն. «Ինչո՞ւ չեն դիմել լրագրողին, ձայնագրությունը համեմատեն կայքում հրապարակված տեքստի հետ»։
Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ նշեց, որ ԱՆ-ի միջնորդության հիմքում ընկած փաստական հիմքը հայտարարություններ կատարելն է. «Ըստ հարուցողի՝ դեռեւս քննության փուլում գտնվող գործի հետագա ընթացքի եւ դրա հնարավոր լուծման վերաբերյալ հայտարարություններ կատարելն է։ Իրավական հիմքը ընդհանրական կերպով նշված է, որ հայտարարություններ կատարելով դատավորի վարքագծի ընդհանուր կանոններ խախտելն է։ Այսինքն՝ հայտարարություններ կատարելը մեկ առարկայի վերաբերյալ միաժամանակ հանգեցրել է երեք ինքնուրույն կանոնների խախտման։ Կանոնների խախտումը թույլ են տրվել դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ։ Վերագրվել է արդարադատության իրականացմանը միջամտելու կանոնի խախտում։ Այս նորմն ունի կոնկրետացման չափազանց բարձր աստիճան, այն նաեւ փոխկապակցված է օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կանոնի հետ, այն է՝ դատավորի գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ ԲԴԽ-ին հայտնելը։ Այս տեսանկյունից չկա արձանագրված որեւէ փաստ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հարցազրույցը գնահատել է որպես իր կողմից իրականացվող արդարադատությանը միջամտություն եւ այս կապակցությամբ դիմել է ԲԴԽ։ Ուստի եթե Դավիթ Գրիգորյանին վերագրվում է Աննա Դանիբեկյանի կողմից իրականացվող արդարադատությանը միջամտելու խախտում, իսկ այդ միջամտության մասին Դանիբեկյանը ձեզ չի հայտնել, ապա սույն վարույթը նախաձեռնողն առնվազն նույն ապացույցների շրջանակում պետք է վարույթ հարուցեր Դանիբեկյանի նկատմամբ»։
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ հարցազրույց տալը երբեւէ չի կարող դիտարկվել որպես միջամտություն՝ արդարադատության իրականացմանը, քանի որ այս դեպքում անհրաժեշտ է անմիջական կամ միջնորդավորված շփում դատավորի հետ նրա նկատմամբ ներազդելու նպատակով. «Եթե կոնտակտը կամ ներազդելու նպատակը չկա, անհասնակալի է՝ ինչու տեսական հարցերի վերաբերյալ հայտարարություններ կատարելը մեկնաբանվում է որպես արդարադատության իրականացմանը միջամտություն։ Վարույթ հարուցած սուբյեկտը չի կարողացել նշել, թե մեջբերված հարցազրույցի որ արտահայտությունն է կարծիք կոնկրետ գործի վերաբերյալ»։
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Դավիթ Գրիգորյանը հարցազրույցի ընթացքում ոչ թե գործի վերաբերյալ կարծիք է արտահայտել, այլ գործին առնչվող հանրաճանաչ փաստի անդրադարձել. ««Երբ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, մեղադրանք գոյություն չունի». նման արտահայտություն է կատարվել, որը հենց փաստի արձանագրում է։ Կարծում ենք՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարրերի բացակայության պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման»։
Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ: «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:
Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը եւ դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների։
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին ապօրինի գործողություների գնացած անձինք հայտնվել են մեղադրյալի աթոռին: Մեզ հայտնի դարձավ, որ Վանիկ Ֆիդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021թ. հունիսի 20-ին ՀՀ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդիսանալով «Հայաստան» դաշինքի վստահված անձ, նույն օրը՝ ժամը 08:11-ին՝ Երեւան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փող. տեղակայված թիվ 10/38 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո, մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու ուղղակի դիտավորությամբ ժամը 15:13-ին նույնականացման քարտը տվել է տեխնիկական սարքի աշխատակից Աննի Աղախանյանին եւ քվեարկություն կատարելու համար նախատեսված կտրոն է պահանջել, վերջինս էլ սահմանված ընթացակարգի համաձայն նույնականացման քարտը անցկացրել է տեխնիկական սարքով, ինչի արդյունքում տեխնիկական սարքը, տրամադրելով թիվ 011608486 փաստաթուղթը, արձանագրել է կրկին գրանցման փորձ, եւ Վանիկ Ֆիդանյանը հանցագործություն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանում ուրվականներ կան, համենայնդեպս, նման տպավորություն ենք ստանում, երբ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրությունից հետո պարզեց, որ քաղաքապետարանի թվով հինգ վարչություն ունի պետի ժամանակավոր պաշտոնակատար, որոնք չունեն կենսագրություն: Համենայնդեպս, դրանք չկային քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Օրինակ, կարեւորագույն Իրավաբանական վարչությունն ունի պետի ԺՊ, անունն էլ Անդրանիկ Մուրադյան, որի կենսագրությունը, սակայն, բացակայում է, մենք չգիտենք, թե նա ով է, աշխատանքային ինչ փորձ ունի: Իսկ, ահա, քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետը եւս հիմնական չէ, այլ ԺՊ է: Խոսքը Վահե Բալասյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Հայկ Մարությանի խոհանոցի դիզայներն է: Այս պաշտնյայի մասին եւս տեղեկությունները թաքցված են, եւ Աստծուն է հայտնի, թե ում են վստահվել նման կարեւոր վարչություններ: Նույն ճակատագիրն ունի նաեւ Հանրակրթության վարչությունը, որի պետի ԺՊ-ն թերեւս միայն քաղաքապետին ու իր աշխատակազմին է հայտնի, թե ով է: Նրա կենսագրությունը եւս բացակայում է: Եւ նման եւս մի քանի վարչություններ, որոնք ունեն պետերի ԺՊ-ներ, բայց նրանց կենսագրությունները բացակայում են: Հուսանք՝ քաղաքապետարանը կարձագանքի եւ կտեղադրի նրանց կենսագրականները, որպեսզի մենք էլ, որպես երեւանցի, հանգիստ լինենք, որ քաղաքապետարանում իրական մասնագետներ են եւ ոչ թե խոհանոցի դիզայներ կամ շինարարության «պրարաբ»:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ՏԵՔՍՏԵՐԸ
Վարչապետի աշխատակազմի կողմից շարունակվում է հանդիպումների եւ հեռտախոսազրույցների բովանդակության աղավաղման պրակտիկան: Մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին կառավարության շենքում հանդիպել էր Ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էռնեկյանը հայտնել է, թե ի սկզբանե սատարում էր Նիկոլ Փաշինյանին։
Սակայն իր խոսքում Էռնեկյանը հայտնում է, որ անհամբերությամբ էր սպասում վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը, որպեսզի շնորհավորեր վերջինիս՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Էռնեկյանը նշում է. «Սա նշանակալի իրադարձություն է պատմական համատեքստում, եւ ես սատարում եմ ընդունված որոշումը: Եվ ինչպես Դուք նշեցիք, մենք Հայաստանում տարբեր ոլորտների կարեւոր ներդրող ենք եւ հակված ենք շարունակել ինտենսիվ ներդրումներ իրականացնել Հայաստանում»։
Ինչպես տեսնում ենք, Էռնեկյանը չի ասել, որ ի սկզբանե աջակցում էր Փաշինյանի հաղթանակը։ Սակայն սա թարգմանչի կողմից Էռնեկյանի խոսքի ոչ ամբողջական եւ թերի թարգմանելու միակ դրվագը չէր, եւ հանդիպումից 2 օր անց աղավաղված թարգմանությունը դեռեւս պահպանվում է կայքում։
Սակայն սա էլ միակ դեպքը չէ. հուլիսի 13-ին ՀՀ կառավարության լրատվականը հաղորդագրություն տարածեց, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտը տեղադրեց կայքում զրույցի իր տարբերակը, սակայն տեքստը էականորեն տարբերվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունից: Ամերիկյան կողմի տեքստում ոչինչ չկա կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում աշխատանքների մասին, ինչը տեղ է գտել հայկական տեքստում։
Մեկ այլ փաստ եւս. այս տարվա փետրվարի 25-ին հեռախոսազրույց են ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տարածում է հաղորդագրությունմ, թե նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ։ Ռուսական տեքստում որեւէ բառ անգամ չկա «օրինական իշխանությունների» մասին։