Կապանում արտահերթ ընտրություններ կլինեն․ ինչ նպատակ ունի իշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում: Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ պրոցեսն է ընթանում: 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն: Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանին որոշել են կարգել այդ պաշտոնում: Նախ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ: Մենք երեկ փորձել ենք տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որը ասաց, թե հիմա հստակ որոշում չկա կայացված, ու ինքը չի կարող այս պահին որեւէ բան ասել. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որեւէ հստակ բան այս պահին որոշված չէ, բայց ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին»,- հայտարարեց Դանիելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին:

-Պարո՛ն Դանիելյան,  խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ Կապանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ավագանու անդամները հրաժարականներ են տալիս, եւ արդյունքում ընտրություններ պետք է լինեն: Ի՞նչ է կատարվում Կապանում:

-Կապանում կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ, ես Կապանի համայնքապետին մինչեւ համայնքի ղեկավար լինելը ճանաչել եմ եւ հարգանքով եմ վերաբերվում: Նախընտրական շրջանում նա մի հայտարարություն արեց եւ կոչ արեց կապանցիներին չընտրել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ նա իր համակիներին այդպիսի կոչ արեց, սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Կապանի ընտրողների մեծ մասը ընտրեց Փաշինյանին, այսինքն՝ հավատում են այս իշխանություններին, որի համար էլ նրանց շնորհակալություն ենք հայտնում: Դրանից հետո որոշակի հարցեր են առաջացել ավագանու անդամների մոտ, որ Կապանի բնակչության մեծ մասը չի լսել համայնքի ղեկավարին, եւ դա նշանակում է, որ նրա նկատմամբ կա որոշակի անվստահություն: Իմ կարծիքով՝ ավագանու հրաժարականը առաջնահերթ դրա հետ է կապված: Նրանցից մեծ մասը երկրորդ անգամ են ավագանի, քաղաքական հետագիծ ունեն, եւ, իմ ունեցած ինֆորմացիայով, Կապանի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանը ոչ մի կապ չեն պահպանում կառավարության հետ, եւ դա նշանակում է, որ աշխատանքը պարալիզացվել է: Դա շատ մեծ ճգնաժամ է առաջացնում Կապանում:

-Այն հետեւանք է մի շարք գործընթացների, բայց կարծում եմ դրա մեջ ամենամեծ դերը եղել է այն, որ տարիներ առաջ, երբ կապանցիները ընտրում էին Գեւորգ Փարսյանին, չէին մտածում, որ ընտրում են մի մարդու, որը տարիներ հետո սատարելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ հայտարարելու է նրա՝ շատ լավ եւ պիտանի քաղաքական գործիչ լինելու մասին: Հիմա ես նույնպես Կապանից ստանում եմ տարբեր զանգեր, թե ինչու է համայնքապետը համայնքը ներքաշում մեծ քաղաքական գործընթացների մեջ, քանի որ կապանցիները իրենք են միշտ որոշել, թե ում ընտրեն, եւ չեն սիրում, երբ իրենց թելադրում են:

-Այսինքն՝ սա վրե՞ժ է Գեւորգ Փարսյանի դեմ:

-Իշխանությունն ի՞նչ է անում, որ վրեժ լուծի: Թող որեւէ ավագանի հայտարարի, որ նրանց հրահրել են: Ես նրանցից մի քանիսի հետ հանդիպել եմ եւ կարող եմ ասել, որ նրանք որեւէ բանում կաշկանդված չեն եղել: Իմ կարծիքով՝ նրանք որոշում են կայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ քաղաքական ճգնաժամ է: Նրանք էլ են կարծում, որ Կապանում արտահերթ ընտրություններ են պետք, եւ քաղաքապետի մասին խոսք չկա: Այստեղ խոսքը ավագանու ընտրությունների մասին է, եւ նրանց մեծամասնությունը ստորագրել են, որ հրաժարական են պահանջում Նիկոլ Փաշինյանին, եւ եթե կապանցիները մեծամասնություն են տվել Փաշինյանին, ուրեմն նրանք վստահություն չեն վայելում, եւ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, եւ թող իրենք էլ մասնակցեն եւ իրենց ձայնը ստանան:

-Դուք մասնակցություն ունենալո՞ւ եք ավագանու ընտրություններին:

-Ես ամեն ինչ անելու եմ, որ այս ճգնաժամը հաղթահարվի՝ ի շահ կապանցու, եւ ամեն ինչ անելու եմ, որ կապանցու քվեն պաշտպանված լինի եւ հասնի իր ուզած նպատակին: Դա պետք է այդ ճանապարհը լինի, եւ ոչ մի ճնշում չլինի կապանցու վրա: Ես ամեն ինչ անելու եմ դրա համար:

-Ասում են՝ Դուք եք հաջորդելու Փարսյանին եւ լինելու եք Կապանի հաջորդ համայնքի ղեկավարը:

– Ես ֆիզիկապես հիմա գտնվում եմ Երեւանում եւ չեմ դադարում Կապանով զբաղվել: Ընտրություններից առաջ էլ կգնամ Կապան, կհանդիպեմ կապանցիների հետ: Բնականաբար մեծ ցանկություն ունեմ Կապան գնալու եւ կապանցիների կողքին լինելու, բայղ դեռ հստակ քաղաքական որոշում չկա, եւ չէի ցանկանա հիմա այդ հարցին պատասխանել: Որոշակի խոսակցություններ կան, բայց հստակ չեմ կարող հիմա հայտարարել, որ ես եմ լինելու Կապանի համայնքի ղեկավարի թեկնածուն, բայց ամբողջովին ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացների մեջ:

-Թեժ իրավիճակ է սպասվում Կապանում: Լարվածություն կլինի՞:

-Ես համոզված եմ, որ ընտրություններն անցնելու են հանգիստ, արդար, առանց ցնցումների, առանց լարվածությունների: Բոլորն էլ իմ համաքաղաքացիներն են, սակայն Կապանում առաջացած ճգնաժամը պետք է հանգուցալուծվի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում:

-Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը նպատակ ունի Սյունիքը գլխատել՝ համայնքապետերին կալանավորելով:

-Իսկ ընդդիմությունը ինչ պետք է ասեր, ասեր, որ շատ լավ է, որ մեր համայնքապետերին ձերբակալում են, եւ շատ լավ է, որ նրանց գործելաոճում հանցակազմ են տեսել: Ես չեմ ուզում անմեղության կանխավարկածը անցնեմ եւ հույս ունեմ, որ կպարզվի՝ Սյունիքի համայնքապետերն արդար են եւ անօրինական գործողություններ չեն իրականացրել, որովհետեւ ես նրանց բոլորին էլ ճանաչում եմ եւ շատ կցանկանայի, որ նրանք աշխատեին՝ ի նպաստ սյունեցիների, եւ դա մեր բոլորի պատիվն է:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս