Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին են փաստում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվբալները:
Ընդ որում, թանկացել է ոչ միայն բանջարեղենը, կարագը, այլև՝ ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Թանկացել է նաև առաջին անհրաժեշտություն համարվող սննդատեսակը՝ հացը: Հացի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.3 տոկոս:
Ավելին, գնաճը մեկ տարվա կտրվածքով զգալի է: Եթե այս թանկացումների ֆոնին հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 68000 դրամ է, իսկ միջին կենսաթոշակի չափը շուրջ 43000 դրամ, ապա Հայաստանում իսկապես կյանքը թանկ է:
Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.1, իսկ 2021-ի հուլիսի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան եւ ծովամթերքի, բանջարեղենի շուկաներում գրանցված 0.7-5.1 տոկոս գնաճերը:
Միայն բանջարեղենի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 66.4, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ հուլիսի համեմատ՝ 5.1 տոկոս գնաճ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձկնամթերքը թանկացել է 1.5 տոկոսով:
Բայց նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ձուկը թանկացել է 25.5 տոկոսով:
Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացրել է 1.7 տոկոսով: Նշված ձկնատեսակի մեկ կիլոգրամը գերազանցում է 2300 դրամը: Ձկնաբույծներն արդարանում են՝ նշելով, որ կերն է թանկացել: Թանկացում արձանագրվել է նաև մսամթերքի շուկայում. մեկ տարվա ընթացքում գրանցվել է 9.9 տոկոս գնաճ, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ այն թանկացել է 0.7 տոկոսով:
Ի դեպ, խոզի մսի գնաճը մեկ ամսվա ընթացքում կազմել է 6.5 տոկոս: Խոզի միսը մեկ տարվա ընթացքում թանկացել է 40.3 տոկոսով:
Նույն պատկերն է նաև կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում: Նշված ապրանքախմբերը թանկացել են 0.4 տոկոսով:
Ձվի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 46.5 տոկոսով: Սուրճի, թեյի, կակաոյի՝ գները ևս բարձրացել են:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ալկոհոլային խմիչքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 8.7 տոկոսով, ծխախոտը՝ 10.4 տոկոսով:
Փոխարենը յուղերի եւ ճարպերի շուկայում է գնակում արձանագրվել՝ 3.5 տոկոսի չափով: Իսկ արեւածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 61.9 տոկոս, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 8.4 տոկոս գնանկում: Բայց չնայած սրան՝ միևնույն է նախորդ տարվա թանկացումը զգալի է և այն մեծ հարված է հասցրել քաղացիների ընտանեկան բյուջեին:
Շաքարավազը մեկ տարվա ընթացքում թանկացել է 36.2 տոկոսով:
Ս.Հ.