Ով որ պաշտոնով անուն, հարստություն է ձեռք բերել, նա այդ պաշտոնի համար ամեն ինչ կտա, կծախի՝ կնիկ, երեխա․ Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս աշուն Գյումրիում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք արդեն երկրորդ անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Առաջադրումներն արդեն սկսվել են: Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը:
Իսկ մինչ այս, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ArmLur.am-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ եւ հետաքրքրվել՝ ի վերջո առաջադրվելու է, թե ոչ, եթե ոչ ապա ում թեկնածությունն է պաշտպանելու կայանալիք ընտրություններին:

-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ եք որոշել՝ առաջադրելու եք ձեր թեկնածությունը, թե ոչ:

-Այնպես մի օրենք ձեւավորեցին նախկին ղեկավարները, որ անհատն իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը, եւ ինքը պետք է անպայման որեւէ մի կուսակցությունից առաջադրվի. մարդիկ էլ այսօր դառնում են էս կուսակցությունից, էն կուսակցություն, այսինքն պետք է փչանան անպայման: Եթե իրենք կուսակցական էլ չեն, պետք է գնան անպայման մի կուսակցություն մտնեն, որ գնան դառնան քաղաքապետ, ավագանի: Դիտավորյալ այնպես արեցին, որ ամբողջությամբ դա էլ իշխվի պետական կառույցների, այլ ոչ թե ժողովրդի կողմից: Սա ինքնակառավարում չէ, սա պետական կառավարում կարելի է կոչել, թե չէ ոնց կարող է դա այդպես լինի: Այդ օրենքի հետ կապված ես բազմաթիվ անգամ Ազգային ժողովում հա ասում էի, բանի տեղ դնող չկար: Հիմա՝ կառաջադրեն, կհրամայեն, կտանեն, կանցկացնեն, բաներ կանեն… չկա, անցավ գնաց, ինքնակառավարումը անցավ: Եթե անհատ կա, պետք է ողջունել նրան, ոչ թե ճանապարհը փակել:

-Արդեն հայտնի է, որ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը: Եթե չառաջադրվեք, ապա ում թեկնածությունն եք պաշտպանելու:

-Ես չգիտեմ ում թեկնածությունը կպաշտպանեմ կամ ինչ կանեմ կամ ընդհանրապես հեռու կմնամ, չգիտեմ որն է ավելի ճիշտ: Այսօր քաղաքական ի՞նչ դաշտ կա, որ դրա մեջ մարդ մտնի, ես ինձ ափսոսում եմ, ես ինձ հարգում եմ, ովքեր որ պաշտոնով անուն, հարստություն է ձեռք բերել, նրանք այդ պաշտոնի համար ամեն ինչ կտան, կծախեն՝ կնիկ, երեխա, բայց ով, որ առանց դրա տղամարդ է եղել, տղա է եղել, անուն ունի, պաշտոնից դուրս գալուց հետո էլի անուն ունի, ամեն ինչ ունի, դրա ցավը տանեմ… այդպիսի մարդկանցից մեկը ես եմ: Ես առանց պաշտոնի տղա եմ, հզոր մարդ եմ, ի՞նչ է եղել:

-Խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ Սամվել Բալասանյանի անունը եւս չի լինելու առաջադրվող թեկնածուների ցանկում… Շրջանառվող մյուս լուրը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է կամ նրա հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։

-Սամվել Բալասանյանն ո՞վ է, որ իրենից ի՞նչ է ներկայացնում, նա 7 ձայն չուներ անգամ, վերջը լավ լինի… Աստված իրենց հետ, թող գնան ապրեն: Ես Արթուր Ալեքսանյանին հարգում եմ, փոքրուց ճանաչում եմ, ես օրինակ հեչ չէի ուզի, որ ինքը առաջադրեր իր թեկնածությունը, չեմ հավատա, որ առաջադրվի: Ինքը պետք է հեռու մնա էս անբարոյական քաղաքականությունից, հիմա էլ իրեն բերեն վարկաբեկեն: Եթե ինձնից խորհուրդ հարցնի՝ ես կասեմ հեռու մնա այս քաղաքականությունից:

-Հիմա՝ ձեր մասով ի՞նչ որոշում եք կայացրել:

-Աղջիկ ջան, իմ ճանապարհները սրանք փակում են, էն գլխուց փակում են, իրենք գիտեն, որ ես դրեցի ամբողջ ժողովուրդն իմ հետեւից կգա, իրենք փակում են: Նմանատիպ մարդիկ այս երկրում տեղ չունեն, իրենց վարկաբեկում են, խայտառակում, կրիմինալ հանցագործություն կամ ինչ ասես սարքում են, եթե որեւիցե մեկի հետեւից ժողովուրդ է գնում: Ուժեր կան, որ պետք է խայտառակեն, իրենք որպես այլասերված, խայտառակված անձինք չեն թողնում նմանատիպ մարդկանց իսկական գնան առաջ, հայրենասերը, հավատք, խիղճ ունեցողը տեղ չունի, այդպես է, չե՞ս հասկանում: Կգրես այդպես:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս