ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունություն եւ կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի նոր կառավարության ծրագիրն ու ջանքերը»,- երեկ հայտարարեց Սլովակիայի արտգործնախարարը։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իվան Կորչոկը հույս հայտնեց, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք կհանգեցնեն հաշտեցման։

Նա կոչ արեց ձեռնպահ մնալ էսկալացիայի ցանկացած գործողություններից եւ լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

«Ցանկացած կոնֆլիկտ, եթե կա կամք եւ հաստատակամություն՝ խաղաղության հասնելու, լուծվում է։ Մենք՝ որպես Եվրամիության անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հուլիսի 29-ի նրանց հայտարարությունը վերահաստատում է կարիքը՝ համապարփակ եւ կայուն բանակցային լուծում գտնել հիմնական հարցերին», – ասաց Կորչոկը։

Ողջունելով օրերս Հայաստան տեղափոխված գերիների վերադարձը՝ նա նշեց, որ այս գործընթացը պետք է շարունակվի։ «Նմանօրինակ պայմաններ պետք է նաեւ թույլ տան ականզերծում իրականացնել՝ պահպանելու մարդկանց կյանքերը եւ կանխելու լրացուցիչ կորուստները»,- եզրափակեց Սլովակիայի արտգործնախարարը։

Միրզոյանն իր հերթին տեղեկացրեց, որ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից՝ իրականացված Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից։

«Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների եւ բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։ Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից եւ Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություներից՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու վերաբերյալ», – ասաց Միրզոյանը։

Կողմերը կարեւորել են առկա խնդիրները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Կորչոկը նախորդ օրն է Հայաստան ժամանել եւ հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարեւորությունը: Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես՝ Իվան Կորչոկը կարեւորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առեւտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարեւորությունը, նաեւ փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետեւանքներին՝ Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Ն.Հ.

 

ԶՈՀ ՈՒ ՎԻՐԱՎՈՐ

ArmLur.am հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: ArmLur.am-ին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով՝ բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա: Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ, եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հետեւանքով նման միջադեպերն ավելի հաճախ են դարձել: Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ՝ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լեւոն Հարությունյանը՝ Երեւանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։

 

ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է: Բանն այն է, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը պետք է փոխանցվի Հայաստանին: ՀՀ իշխանությունը պետք է ունենա իր թեկնածուն այդ պաշտոնում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին թեկնածուն ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է, որը անակնկալ ձեւով հուլիսին հեռացվեց իր պաշտոնից: Հիմա իշխանությունը քննարկում է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին դնել: Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 9-ին Հայաստան էր եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակույթունը, որի ժամանակ հանդիպում էր եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Նախարարը հանդիպմանը Զասին տեղեկացրել էր ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: Ու հիմա իշխանությունը փորձում է գտնել անձ, որը կկարողանա դերակատարություն ունենալ այս ամենում:

 

ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ՀԱՍԵԼ Է

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը ստացվել է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանի եւ Հայաստանի առողջապահության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

 

 

ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ազգային ժողովում իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր հայտարարի են եկել Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, գլխավոր դատախազի, ՊԵԿ նախագահի եւ պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Մենք «Հայաստան» խմբակցության անունից գրությունն ուղարկել ենք, որտեղ մատնանշել ենք կարեւորությունը, հրատապությունը եւ հարցերի մի խումբ, որոնք վերաբերում է անվտանգությանը, պաշտպանվածությանը, տնտեսական բաղադրիչին, մարդու իրավունքների խախտումներին, եւ առաջարկել ենք, որ ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանն ու ՊԵԿ նախագահը: Շատ կարեւոր է, որ մենք լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն: Հնարավոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետեւաբար մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման»,-ասել է նա:

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ Է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հայտնել է.  «Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը եւ, որպես լուծում, առաջ է քաշում այդ օրակարգը։ Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։ Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների եւ, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։ Այն, ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին այս իշխանությունների դերակատարմամբ, արդյոք կարո՞ղ է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։ Այս իշխանությունը այդ պրոցեսը եւս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու»:

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ 

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են։ 2021 թվականի փետրվարի 12-ին Էյրամջյանը 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ հայտնել էր, որ ունի առողջական խնդիր, որով պայմանավորված՝ 2019-ին մի ամբողջ նստաշրջան նա բացակայել էր ավագանու նիստերից։

 

 




Լրահոս