ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձեւաչափով: Օրակարգը, համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, ձեւավորվել է խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից:

 

Նախարարության փոխանցմամբ՝ նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Քննարկման նպատակով հարցեր եւ առաջարկներ էին ներկայացրել խորհրդի անդամներից Մարինե Վարդանյանը, Անահիտ Մինասյանը, Գեղամ  Հայրապետյանը, Վալերի Մուշեղյանը: «Մ. Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտուհի Իլոնա Սահակյանն էլ առաջարկել է կրթական հեղափոխության իր նախագիծը:

Առաջարկներից մեկը վերաբերել է դպրոցում դասաժամերն ավելի հետաքրքիր անցկացնելուն, աշակերտների շրջանում հետաքրքրասիրություն առաջացնելուն, օրինակ՝ օրվա թեմային առնչվող խաղերի կազմակերպմանը, դասերը դասարանից դուրս շրջագայությամբ կազմակերպելուն եւ այլն: Առաջարկ է եղել մշակել դպրոցների միջեւ համագործակցային կապերի խթանմանը միտված նոր մոդելներ:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաեւ կրեդիտային համակարգի փորձնական ծրագիրը քննարկելու հարցը` հասկանալու համար փորձնական նպատակով  մշակվող համակարգի առավելությունները, հնարավոր ռիսկերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ից  փորձարկվող Հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես՝ գնահատման նոր համակարգին, ըստ որի՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: Փոխարենը տարրական դպրոցում ներդրվում է բնութագրային գնահատում: Խորհրդի անդամները բարձրացրել են աշակերտական խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը` այդ համատեքստում անդրադառնալով նաեւ խորհրդի ձեւավորման սկզբունքներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է սահմանել աշխատանքի ձեւաչափ. «Առաջարկում եմ ունենալ աշակերտական խորհրդի ծրագիր, որտեղ հստակ կնշենք որոշակի աշխատանքներ, դրանց իրականացման ժամկետներ եւ այլն: Օրինակ՝ դուք կարող եք իրազեկման աշխատանքներ կատարել` դրանցում ներգրավելով մյուս աշակերտներին եւս: Որպես նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ՝ դուք ավելի տեղեկացված եք կրթական պետական քաղաքականության մասին եւ կարող եք այն ներկայացնել նաեւ մյուս աշակերտներին` նրանց եւս համախմբելով  կոնկրետ ծրագրերի կամ գաղափարի շուրջ: Մեկ այլ դեպքում, եթե դուք առաջարկում եք քննարկման թեմաներ, միգուցե մենք նախապես պետք է այդ քննարկմանը հրավիրենք նաեւ ուսուցիչների, որովհետեւ երբ դուք խոսում եք դասավանդման ձեւերի մասին, ապա այս կամ այն առարկան դասավանդող ուսուցիչը եւս պետք է իր մասնագիտական կարծիքը ներկայացնի, որպեսզի քննարկումը առարկայական եւ արդյունավետ լինի»:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է պայմանավորվել աշխատանքի ձեւաչափի մասին` ընդգծելով, որ կազմակերպչական հարցերում նախարարությունը կաջակցի աշակերտական խորհրդի անդամներին:

Նշվել է նաեւ, որ առաջիկայում տեղի կունենա աշակերտական խորհրդի կազմի փոփոխություն, քանի որ որոշ անդամներ արդեն ավարտել են դպրոցը, եւ խորհրդի կազմն ունի համալրման անհրաժեշտություն: Հավելենք, որ աշակերտական խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի եւ Երեւանի հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Ն. Պ.

 

 

 

156 ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐ

Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված եւ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 156 երեխաներ այս տարի առաջին դասարան են հաճախել Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Արցախից տեղահանված առաջին դասարանցիներից 13-ը ներկայումս սովորում են Երեւանի դպրոցներում,  27-ը՝ Կոտայքի, 22-ը՝ Արմավիրի, 22-ը՝ Սյունիքի, 20-ը՝ Գեղարքունիքի, 18-ը՝ Արարատի, 11-ը՝ Լոռու, 10-ը՝ Վայոց ձորի, 5-ը՝ Արագածոտնի, 4-ը՝ Տավուշի, 4-ը՝ Շիրակի մարզի դպրոցներում։ Նշենք, որ այս տարի Արցախի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 1903 աշակերտ, որից 1003-ը՝ Ստեփանակերտում: Նախորոդ տարվա համեմատ՝ առաջին դասարանցիների թիվը նվազել է շուրջ 20%-ով: Փոխարենն այս տարի աճել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող առաջին դասարանցիների թիվը։ Եթե 2018-2019թթ. ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներ են հաճախել 38674 երեխաներ, իսկ 2019-2020-ին՝ 38845, ապա 2020-2021թթ. ուս. տարում դպրոց հաճախած առաջին դասարանցիների թիվը կազմել է 39248։

 

 

 

 

 




Լրահոս