ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՈՐԴՈՒ 2-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին երգչուհի Նարե Գրիգորյանի որդին՝ Ժիրայրը, դարձավ 2 տարեկան: ArmLur.am-ը որդու տարեդարձի մանրամասների շուրջ զրուցել է Նարե Գրիգորյանի հետ:

 

Նարեն մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ցավալի իրադարձությունների հետեւանքով չի կարողացել տոնել որդու տարեդարձը:

«Որդուս 1 ամյակն անցած տարի ցավոք նշել չկարողացա չարաբաստիկ պատերազմի պատճառով, չնայած որ գրեթե մեկ ամիս առաջ արդեն սկսել էի նախապատրաստվել տարեդարձին, բայց ցավոք այն տեղի չունեցավ այնպես, ինչպես որ պլանավորել էի, պարզապես նշեցինք ընտանիքի անդամներով: Իսկ այս տարի պատերազմի տարելիցն էր, եւ կրկին վերապրելով, վերհիշելով այդ մղձավանջը՝ նույնպես չկարողացա լիաթոք նշել որդուս տարեդարձը, բացի այս, վաղաժամ կյանքից հեռացավ մեր շատ սիրելի Հայկոն, մեծ ցավ էր մեզ համար, շոկի մեջ էինք, ոչ մեկս տրամադրություն չունեինք ինչ-որ բան նշելու, եւ փաստացի ստացվում է, որ բալիկս արդեն երկրորդ տարին է, ինչ ծննդյան նորմալ արարողություն չի ունենում»,- նկատեց Նարեն՝ միեւնույն ժամանակ նշելով, որ լիահույս է, որ ամեն ինչ լավ կլինի, ժամանակը բոլոր վերքերը կբուժի, եւ նորից սիրտ կգտնեն որեւէ մի միջոցառում ավելի լայնամասշտաբ տոնելու համար:

«Չնայած այս բոլոր իրադարձություններին՝ գիշերը՝ 12:00-ին, ընկերներս, հարազատներս, իմանալով, որ ոչինչ չեմ կազմակերպել, իրենք իրենց նախաձեռնությամբ որդուս սիրելի հեքիաթի հերոսների կերպարներով անակնկալ մտան տուն եւ մեծ ուրախություն պարգեւեցին բալիկիս: Ցավոք ներկա չէր նաեւ ամուսինս, քանի որ նա այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում, թեպետ հեռվից շնորհավորեց որդուն, իհարկե եղան նաեւ նվերներ, իսկ սկսեսուր մայրիկը մեծ տորթ էր ուղարկել: Այսպիսով, ունեցանք տորթ, մոմեր, բայց չունեցանք ծննդյան արարողություն»,- պատմեց երգչուհին:

Նարեն մեզ հետ զրույցում խոսեց նաեւ որդու նախասիրությունների մասին. «Հետաքրքիրն այն է, որ ով ցանկանում է որդուս հետ լավ հարաբերություններ ունենալ, կարող է նրան ընդամենը մեկ փոքրիկ մեքենա գնել, եւ դա բավական է, որպեսզի նա իրեն երջանիկ զգա: Նա խենթանում է փոքրիկ մեքենաների համար, եւ արդեն մեր տան ամեն անկյունում դրված են նրա մեքենաները: Այդ առումով նա շատ նման է ամուսնուս, չնայած ամուսինս մասնագիտությամբ իրավաբան է, բայց իր ողջ գիտակից կյանքն անցկացրել է մեքենաների մեջ, հատկապես՝ սպորտային, եւ շատ լավ հասկանում է»:

Հարցին, թե արդյոք չի պատրաստվում կրկին մայրանալ, երգչուհին նշեց, քանի դեռ ներում է մեր առողջությունը, պետք է շատ երեխաներ ունենանք:

«Մեր ազգի մեջ ընդունված է, որ պետք է ունենալ շատ երեխաներ, եւ այս պատերազմից հետո եւս մեկ անգամ համոզվեցինք, որ պետք չէ մեկ երեխայով սահամանափակվել, եւ քանի դեռ ներում է առողջությունդ, պետք է շատ բալիկներ ունենանք, որպեսզի շատանանք, որպեսզի մեր ազգն է՛լ ավելի մեծ լինի, եւ ամենակարեւորը՝ մեծացնենք լավ քրիստոնյաներ մեր ազգի համար»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՀԱՅ ՀԱՅԸ». ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

 

Կինոարվեստի երկրպագուները հոկտեմբերի 1-ից երեւանյան կինոթատրոններում կարող են դիտել Միքայել Պողոսյանի «Հայ հայը» գեղարվեստական ֆիլմը, որն անդրադառնում է հայ մարդու առանձնահատկություններին, դրական ու բացասական կողմերին, երազանքներին ու խնդիրներին:

 

ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում, կինոնկարի ռեժիսոր ու գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանն ասաց՝ յուրաքանչյուրը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր հայաստանյան վերջին իրադարձություններին, ու ինքն էլ որոշել է ֆիլմով արձագանքել:

Պողոսյանը խոստովանել է, որ «Հայ հայը» յուրահատուկ գործ է, քանի որ այն ռեկորդային ժամկետներում է նկարահանվել: Սովորաբար, Միքայել Պողոսյանը ֆիլմ է նկարահանում  30 կամ 26 օրում, իսկ այս անգամ՝ 11 օրում:

Անդրադառնալով դերասաններին՝ Պողոսյանն ասել է, որ նրանք փայլուն են: «Ձեզ կզարմացնի անկրկնելի Նարինե Ալեքսանյանը, որը Թինա Թյորներն է բեմում»,-շեշտել է նա:

«Հայ հայը» գեղարվեստական ֆիլմը միստիկ կատակերգություն է հայի մասին, որը, ինչպես ֆիլմում է ասվում, «բացառիկ է՝ ո՛չ լավեւ ո՛չ էլ վատ իմաստով, պարզապես նա բացառիկ է. նրա տեսակն այլեւս չկա»: Եւ, ահա, այս տեսակի համար էլ սկսում է պայքարել հայը (Միքայել Պողոսյան)՝ դիմադրելով եւ երբեմն էլ տեղի տալով մի շարք գայթակղությունների, որոնք նրան առաջարկում է չար ուժը (Սերգեյ Դանիելյան)։

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են  Միքայել Պողոսյանն ու Աննա Մաքսիմը, սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է, բեմադրող օպերատորը՝ Արման Օրդյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Տիգրան Բաղինյանը, ձայնային ռեժիսորը Հայկ Իսրայելյանն է:

Դերակատարներն են Միքայել Պողոսյանը, Սերգեյ Դանիելյանը, Ժիրայր Բաբազյանը, Նարինե Ալեքսանյանը, Գեորգի Հովակիմյանը, Տիգրան Գյուլումյանը, Տրդատ Մակարյանը:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, բրիտանացի ֆուտբոլային վերլուծաբան Գարի Նեւիլը մեկնաբանել է Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքը՝ նշելով չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» միակ խնդիրը։ «Պրեմիեր լիգայում բոլորը գիտեն եւ հասկանում են, թե որն է «Մանչեսթեր Սիթիի» միակ խնդիրը։ Նրանք խնդիրներ ունեն հարձակման գծում, գոլ չեն խփում։ Այո, երկու անգամ գրավեցին «Լիվերպուլի» դարպասը, սակայն առաջին խաղակեսում հարձակման հետ կապված խնդիրներ ունեին։ Գոլերի պակասը կարող է ծանր գին ունենալ մրցաշրջանի վերջում։ Գվարդիոլայի գլխավորած թիմը կարող է չպաշտպանել տիտղոսը, քանի որ չունի իսկական հարձակվող, որը մրցաշրջանի ընթացքում 25-30 գոլ է խփում։ Հարի Քեյնը հրաշալի է։ «Լիվերպուլի» դեմ նա կօգտագործեր պահերը։ Նրա հետ «Մանչեսթեր Սիթին» չէր ունենա մրցակից»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության 7 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 14 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարը «Չելսին» է՝ 16 միավոր։ «Լիվերպուլը» երկրորդն է՝ 15 միավոր։

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կրած առաջին պարտությունը։ 7-րդ տուրում «Բավարիան» տանը 1։2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ «Պարտությունը միշտ ցավալի է։ Մենք ունեինք բազմաթիվ հնարավորություններ եւ կարող էինք խուսափել բացասական արդյունքից։ Չկարողացանք իրացնել մեր պահերը։ Մենք 20 հարված կատարեցինք դարպասին, իսկ մրցակիցը՝ 5։ Պետք է վերլուծել տեղի ունեցածի պատճառները։ Անհամբեր սպասում ենք միջազգային դադարի ավարտին եւ «Բայերի» հետ հանդիպմանը»,- ասել է նա։ «Բավարիան» 16 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաեւ «Բայերը», որը 7-րդ տուրում 4։0 հաշվով հաղթեց «Արմինիային» եւ չեմպիոններից հետ է գոլերի տարբերությամբ։

 

 

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը դեռեւս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Արագ շախմատի առցանց այս մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը եւ Կարլսենն անցկացրեցին 3 պարտիա, որոնցից առաջինում Արոնյանը հաղթեց, իսկ հաջորդ երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ վերջին տուրում սեւերով հաղթանակ տոնեց` 3-1: Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռեւս 4-րդն է: Մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

 




Լրահոս