ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական թեզերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր այսօրվա հիմնական հարցը տարածաշրջանային կարգավորումն է՝ երկարաժամկետ կտրվածքով: Այս մասին  Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իր հերթին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում»:

Սա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների արդեն չորրորդ դեմ առ դեմ հանդիպումն է այս տարվա մեջ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը  քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերը: Նույն հաղորդագրության համաձայն,  Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Հետաքրքիր է, որ միաժամանակ Մոսկվայում է գտնվում նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նա երեկ հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Սակայն այցի մասին շատ մանրամասներ հայտնի չեն եւ նշված է, որ երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Միեւնույն ժամանակ երեկ նաեւ Մոսկվա է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիոյի Կիրիր Պատիրարքի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս