«ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՐԻ ՄՈԴԵԼՆ Է». ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանը հոկտեմբերի 26-ին  ներկայացրել է իր հանդիսատեսին նոր տեսահոլովակ՝ «Իմ սրտով»: Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Նունե Եսայանը:

 

«Ժամանակահատվածը առհասարակ կապ չունի, պարզապես որոշեցի այս գեղեցիկ երգը ներկայացնել իմ հանդիսատեսին: Երգի հիմքում ընկած է գեղեցիկ ընտանիքի պատմություն, ընտաիքի մոդել, որը կարող է եւ շատերի համար օրինակ լինել: Միշտ պետք է սիրել եւ ամեն ինչից վեր դասել ընտանիքդ ու հարազատներիդ, պետք է միմյանց հանդեպ խնամքով եւ հոգատարությամբ լցված լինենք»,-նշեց երգչուհին:

Նունե Եսայանի խոսքով՝ նրա համար շատ կարեւոր է իր լսարանի կարծիքը. «Ինձ համար շատ կարեւոր է իմ երկրպագուների, իմ հանդիսատեսի կարծիքն ու արձագանքները, եւ, ի ուրախություն ինձ, արդեն շուրջ երկու օր է, ինչ տեսահոլովակը շրջանառության մեջ է, եւ միայն դրական եւ ոգեւորող մեկնաբանություններ են հնչել: Եվ ինձ համար շատ հաճելի է լսել, երբ քո համախոհները կիսում են քո կարծիքը: Ինձ համար ընտանիքը երկրի մոդելն է: Ինչքան մենք սիրով լինենք, այնքան մեր կյանքն ավելի հետաքրքիր կլինի»:

Երգչուհու փոխանցմամբ՝ շուտով հանրության դատին կհանձնի նաեւ նոր ստեղծագործություններ, որոնք այս պահին դեռեւս գտնվում են ձայնագրման  եւ գործիքավորման փուլում:

«Այս պահին մշակում ենք մեծ համերգային ծրագիր, եւ կամաց-կամաց կլինեն նաեւ համերգներ»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուս համավարակին՝ երգչուհին նկատեց, որ շուրջ երկու տարի աշխարհը փոթորկած համավարակը խանգարում է լիապես զբաղվել երաժշտական գործունեությամբ թե՛  ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես:

«Շատ է խանգարում մարդկային շփման մեջ եւ, ամենակարեւորը, մեծ ազդեցություն է ունենում տրամադրույթան վրա, բայց, ամեն դեպքում, փորձում ենք դրական լինել եւ գոյատեւել»,- այս մասին մեզ հետ զրույցում եզրափակեց Նունե Եսայանը:

Նկատենք, որ երգչուհին վերջին շրջանում սկսել է ակտիվ երաժշտական գործունեություն ծավալել:

Հավելենք, որ երգչուհին  1988 թվականին ընդունվել է Երեւանի ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջ։

Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը, ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ՝ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական եւ միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում: 1/32-րդ եզրափակչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն ավելի շատ հարվածներ հասցրեց, եւ բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում հայ մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ՝ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունն ավելի նկատելի էր, եւ նա վստահ հաղթանակ տարավ: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, ռինգ դուրս չեկավ, եւ հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Քրյուն» ընդունեց «Օռլանդո Սիթիին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում գերազանց խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, արգենտինահայ Լուկաս Սելարայանը, որը 20-րդ եւ 31-րդ րոպեներին դարձավ գոլային փոխանցումների հեղինակ, իսկ 61-րդ րոպեին հեռվից կատարած տպավորիչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Լուկաս Սելարայանը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ «Կոլամբուս Քրյուն» 32 խաղում վաստակել է 41 միավոր եւ ընդհանուր մրցաշարային աղյուսակում 27 թիմերի մեջ 19-րդն է։

 

ՆՇԵԼ Է 42-ԱՄՅԱԿԸ

Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նախօրեին մեծ շուքով նշել է 42-ամյակը, որի ընթացքում հյուրերն ի սրտե ուրախացել են։ Աստղին յուրօրինակ ձեւով շնորհավորել են Գարիկ Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կիրկորովը՝ կատարելով ռուսական փոփի արքայի «հվպչ» երգը։ Մարտիրոսյանը կոլեկտիվին տվել է «ԸՐՎÿվցՔՍՌ ՌվՑպՐվպռՔպվպս» անվանումը։ Stories բաժնում հետեւորդներից մեկը Գարիկին հարցրել է, թե երբ է Կիրկորովն իրեն հայ ճանաչելու, ինչին Մարտիրոսյանը պատասխանել է՝ արդեն։ Ֆիլիպ Կիրկորովը երեկույթի ամենաակտիվ հյուրերից էր։ Արտիստը ձայնակցում էր Artik-ի եւ Asti-ի փոքր համերգի ընթացքում, որոնք իրենց ելույթով շնորհավորել են Գալուստյանին եւ կատարել իրենց գլխավոր հիթերը։

 

 




Լրահոս