Հայտնի ասացվածք կա. «Խելոքները սովորում են ուրիշի սխալների վրա, իսկ հիմարները` սեփական»: Սակայն, կյանքը ցույց է տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնիսկ սեփական սխալներն է անտեսում և որևէ դասեր չի քաղում: Հակառակ դեպքում, վերլուծելով ՏԻՄ վերջին ընտրություններում արձանագրված շոշափելի անհաջողությունները, իսկ որոշ դեպքերում նաև զգայուն պարտությունները, ավելի բծախնդիր կլիներ իր կողմից առաջադրված որոշ թեկնածուների հարցում: «Ժողովուրդը» արդեն բազմիցս անդրադարձել է դրանցից մի քանիսին: Մասնավորապես, մեծ աղմուկ էր հանել Վայք համայնքում ՔՊ ավագանու ցուցակը գլխավորող անձնավորության «փառահեղ» մետլախ-կաֆելային անցյալի հետ կապված ոդիսականը:
Եվ նման թեկնածուի պայմաններում զարմանալի չէ, որ, ինչպես օրերս նշվում էր մամուլում, ՔՊ Վայքում փաստացի որևէ շանս չունի ղեկավարելու համայնքը: Ավելին, ըստ նույն հրապարակումների, վերջին հարցումները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ անգամ կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն էլ կարող է չլինել, քանի որ այդ ընտրություններում առաջադրված Կարլեն Մինասյանը կարծես թե ստանալու է վայքեցիների ձայների ուղղակի մեծամասնությունը:
Եվ սա միակ դեպքը չէ: Գրեթե նույն իրավիճակն է Նոյեմբերյանում, Եղեգնաձորում, Սպիտակում և մի շարք այլ համայնքներում: