ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ՊՆ կադրերի բաժնից զանգահարել են Արշակ Կարապետյանի խորհրդական Սուրեն Հարութունյանին եւ ասել, թե ազատմանդ դիմումը գրի, ինչն էլ նախարարի խորհրդականը արել է:
Հիշեցնենք, որ ՊՆ-ում կադրային ջարդը մեկնարկել է: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից ազատվել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը: Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ-գլխավոր քարտուղարի տեղակալ Սուրեն Պողոսյանը:
Ի դեպ Պողոսյանը առողջական խնդիր ուներ եւ դեռ ավելի շուտ էր պատրաստվում դիմում գրել եւ ազատվել պաշտոնից : Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշանակումից հետո պարբերաբար իր մոտ է կանչում ՊՆ տարբեր վարչությունների աշխատակիցների եւ անձամբ է ծանոթանում նրանց գործառույթներին: Հանդիպումների արդյունքում ՊՆ ղեկավար կազմում որոշակի վերլուծություններ են արվել, որ կադրային փոփոխությունները պետք է սկսվեն վարչությունների աշխատակիցների փոփոխություններով, որպեսզի բացառեն նախարարությունում ձևավորված «ավանդույթները»: Բանն այն է, որ նորանշանակ նախարարին հասկացրել են, որ նախարարության վարչությունների աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում աշխատանք կատարելու պատասխանատվությունը, և շատ դեպքերում գործն առաջ չի գնում: Նման դեպքերը բացառելու համար ՊՆ որոշ վարչություններում շուտով համատարած ազատումներ կլինեն:
Քնար Մանուկյան